«Անլուրջ է ինձ Նաթան Սրբազանին վերագրվող ձայնագրության գործով որպես վկա կանչելը: Բոլորիս բոլոր հարցերով քննչական են կանչում, ինչքանո՞վ է դա ճիշտ»,- Aysor.am-ին ասաց Նաթան Սրբազանին վերագրվող ձայնագրության գործով այսօր հարցաքննված Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին տարածվել էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին վերագրվող, 2023 թվականին թվագրվող խոսակցության «ձայնագրություն»։ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի հետ որպես զրույց ներկայացվող ձայնագրությունում նախկին հոգևորականը Նաթան Սրբազանին դժգոհում է, իբրև Ամենայն Հայոց կաթողիկոսն իրեն ասել է՝ վերցնի ընտանիքի անդամներին ու գնա, մասնակցի Փաշինյանի դեմ միտինգների։ Այս «ձայնագրության» հիմքով էլ նախաձեռնվել էր քրեական վարույթը, որի շրջանակներում էլ հարցաքննել են նաև Տեր Վրթանեսին։
Նա մեզ հետ զրույցում շեշտեց՝ իրավապահները այս օրերին կամայականորեն խոչընդոտում են հոգևորականների ծառայությունը՝ տարբեր միջամտություններով ու քննչական գործողություններով.
«Նրանք որևէ ձևով չեն կարող նման կամայական վերաբերմունք ցուցաբերել ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների, աղանդավորների նկատմամբ: Դրանցից որի հանդեպ այսպես վարվեն, միջազգային դատարաններից տուն չեն գա, որովհետև այդ գործ կարող քննիչներն ու դատավորները էլ պարգևավճար չեն ստանա, պետությունն էլ միջազգային դատարաններում իրենց ապօրինությունների տուգանքները կմուծի»:
