Логотип

Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համերաշխության կոչ են արել՝ ի աջակցություն արցախահայերի

Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի ու այլ հիմնարար իրավունքների՝ Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան հրամանի 2-ամյակի առթիվ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել բռնատեղահանված արցախահայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձը։ Դատական այս որոշումը հիմնավորեց մի համընդհանուր սկզբունք․ ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից։ Ցայսօր վճիռը շարունակում է մնալ անկատար։

Հանցավոր շրջափակման ու ռազմական հարձակման հետևանքով իրենց հողից պոկված Արցախի վերջին 120 000 հայերը շարունակում են ապրել՝ զրկված իրենց տներից ու ունեցվածքից։ Միջազգային կառույցների լռության պայմաններում պղծվում են նրանց եկեղեցիները, ավիրվում են գերեզմանատները, նրանց բազմահազարամյա ներկայության հետքերը հետևողականորեն ջնջվում են։ Բնաջնջման այս քաղաքականությունը նպատակ ունի ժխտել մի ողջ ժողովրդի պատմական հիշողությունը։

Մինչդեռ, վերադարձի իրավունքը քաղաքական պահանջ չէ․ դա հիմնարար իրավունք է՝ ամրագրված միջազգային իրավունքի նորմերով։ Այն ճանաչում է յուրաքանչյուր անձի իրավունքը՝ վերադառնալ իր սեփական երկիրը․ իրավունք, որը կախված չէ ոչ անձնագրից, ոչ փոփոխվող սահմաններից, այլ ժողովրդի և նրա հողի միջև գոյություն ունեցող խորը և հնագույն կապից։ Արցախահայերը, ովքեր ավելի քան երկու հազարամյակ ապրում են Կովկասյան այս լեռնաշխարհում, լիովին ունեն այս կարգավիճակը։

Միջազգային բարձրագույն դատական ատյանները՝ Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Միջամերիկյան դատարանը, բազմիցս հաստատել են, որ որևէ բնակչությանը իր հայրենիք վերադարձի իրավունքից զրկելը միջազգային իրավունքի լուրջ խախտում է հանդիսանում։ Այս իրավունքը անքակտելի է․ այն չի կարող կախված լինել որևէ պետության քաղաքական ընտրություններից կամ որևէ պահի տիրող ուժային հաշվեկշռից։

Հայկական քաղաքակրթության մեջ հազարամյակներով արմատավորված Արցախի պատմությունը հիմնավորում է արցախահայության՝ սեփական ինքնությունն ու իրավունքները պահպանելու անհրաժեշտության իրավացիությունը ։ Բոլշևիկյան իշխանությունների կողմից Ադրբեջանի ենթակայության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը տարիներ շարունակ եղել է գոյաբանական վտանգի առջև։ Իր գոյատևումն ապահովելու համար 1991 թվականին արցախահայությունը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի նորմերին ու այն ժամանակվա խորհրդային օրենքների լիակատար համապատասխանությամբ։ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին կազմակերպված հանրաքվեն 99,89 տոկոսով հաստատեց որդեգրված որոշումը ։ Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբևէ չի որակել ԼՂՀ հռչակումն իբրև անօրինական և երբեք կոչ չի արել միջազգային հանրությանը այն չճանաչել՝ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացում Արցախին ընդունելով կողմ ։

Արցախահայությունը մշտապես նախընտրել է երկխոսության ուղին։ Բազմաթիվ անգամներ նրա քաղաքական ներկայացուցիչները ցուցաբերել են բանակցելու պատրաստակամություն և պատասխանատվություն։

Նրանք համաձայնել են Մինսկի խմբի կողմից առաջարկված «Մադրիդյան սկզբունքներին», 2001-ին Քի Վեսթում, ապա 2011-ին Կազանում համաձայնել են ներկայացված խաղաղության ծրագրերին։ Հավասարակշռված այդ ծրագրերը Արցախի համար նախատեսում էին անվտանգություն, ինքնավարություն և հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի սահմանում ։ Ամեն անգամ Ադրբեջանը ձախողել է միջնորդների ծրագրերը՝ նախընտրելով ուժի կիրառումը՝ խնդրի երկարաժամկետ լուծման փոխարեն։

Այսօր Արցախի ղեկավարները, այն մարդիկ, ովքեր մարմնավորել են երկխոսության պատասխանատվության և պատրաստակամությամ ոգին, գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանց բանտարկությունը՝ համընդհանուր լռության պայմաններում, ողջ արցախահայության նկատմամբ իրականացված անարդարության խորհրդանիշն է ։

Նման կացությունում խնդիրը սոսկ հայկական չէ։ Այն համընդհանուր է։

Ընդունել, որ 150 000 մարդ կարող է բնաջնջվել իր հայրենիքից, նշանակում է նախադեպ ստեղծել այլ ժողովուրդների, այլ փոքրամասնությունների, այլ հարկադիր բռնագաղթերի համար։ Դա նշանակում է ընդունել, որ մարդկության դեմ ուղղված հանցանքը կարող է անպատիժ մնալ։

Եվրոպան, որը խաղաղություն է կառուցել ցեղասպանությունների հիշողության և իրավունքի գերակայության վրա, չի կարող շրջել հայացքը :

Մենք՝ Ֆրանսիայի հայկական միություններս, պատասխանատվություն ենք ստանձնում բարձրաձայնել արցախահայության իրավունքների մասին, որին ստիպողաբար լռեցնում են : Հիշեցնել, որ արդարության բացակայության պայմաններում խաղաղությունը պատրանք է, որ վերադարձի իրավունքը կարգախոս չէ, այլ ռեպարացիաների նախապայման։

Ուստի մենք հղում ենք համերաշխության կոչ և պահանջում, որ ՝

– Բաքվում պահվող հայ բանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն,

– Կյանքի կոչվի Արցախի հայկական մշակութային ժառանգության միջազգային պաշտպանություն,

– ՄԱԿ-ի վերահսկողության ներքո գործնական կիրառում ստանա վերադարձի իրավունքը՝,

–Եվրոպական պետությունները գործեն համատեղ, որպեսզի միջազգային դատական որոշումները չմնան թղթի վրա։

Մենք չենք կարող ընդունել, որ մի ամբողջ ժողովուրդ՝ որի միակ «մեղքը» իր հողի վրա ազատ ապրելու ցանկությունն է, դատապարտվի արտաքսման և մոռացության։

Արցախահայերի վերադարձի իրավունքը հեռավոր հույս չէ․ այն արդարության հրամայական է։ Այն պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր ընդհանուր մարդկային արժեհամակարգը»։

Ստորագրող կազմակերպություններ՝

Հայ Առաքելական Եկեղեցի, Ֆրանսիայի Թեմ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ – CCAF

Թուլոնի ֆրանս-հայկական միություն

Լուարա շրջանի Ֆրանս-հայկական միություն

Ֆրանսիայի հայազգի նախկին մարտիկների և Դիմադրողական շարժման Միություն

«Արևիկ» մշակութային միություն

Բուկ-Բել-Էրի հայկական մշակութային միություն

Սարսելի հայկական մշակութային միություն

Պենն Միրաբոյի հայկական մշակութային միություն

Սեպտեմն-լե-Վալոնի և շրջակա համայնքների ֆրանսահայ մշակութային միություն

Սատար Արցախին միություն

Մալաթիայի կրթամշակութային միություն

Ֆրանսահայ փաստաբանների և իրավաբանների միություն

Ավինյոնի և շրջանի ֆրանս-հայկական միություն

Նորմանդիայի հայկական համերաշխության միություն

AYP FM – Ռադիո

Շեն–Ֆրանսիա

Անտոնիի ֆրանս-հայկական միություն

Հայ Դատի պաշտպանության կոմիտե – CDCA Ֆրանսիա

COVCAS – Իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոն

Կապույտ Խաչ ֆրանսահայ միություն– CBAF Ֆրանսիա

Ֆրանսիայի Մեծ Արևելքի հայ համայնք – DAGE

Մարսելի «Աբովյան» դպրոց

Հայ Հեղափոխական Դաշնակցություն — Ֆրանսիա

Հայ Հեղափոխական Դաշնակցություն երիտասարդական թև «Նոր Սերունդ»

Հայաստան համահայկական Հիմնադրամ

G2IA (Միջազգային միջմասնագիտական հայկական խումբ)

Համազգային միություն

Հայմեդ միություն

Վիենի Հայկական Մշակույթի Տուն

Մոնթելիմարի և շրջանի հայկական մշակութային և հիշողության միություն

Երկիր և Մշակույթ – Ֆրանսիա

Ռամկավար Ազատական Կուսակցությոուն – Ֆրանսիա

Կլերմոն Ֆերանի հայկական մշակութային միություն

Հայաստան առողջապահություն միություն

Տրանսպլանտ դեպի Հայաստան (Transplant to Armenia)

Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն – Ֆրանսիա

Ֆրանսահայերի Մշակութային Միություն – UCFAF

Կաննի և շրջանի հայերի միություն

Alpha News