Логотип

Իրենց խաղաքարտերը խառնվեցին․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից վերցնելու մասին

Եթե պետությունը գերակա շահի ճանաչման իրավունքով վերցնի ՀԷՑ-ի սեփականության իրավունքը, պետք է սեփականատիրոջը 15 տոկոսի չափով ավել վճարի միջազգային անկախ գնահատողի կողմից սահմանած արժեքին։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների ճեպազրույցում այս մասին ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նոյեմբերի 17–ին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նշել էր, որ առաջիկա 3 ամիսներին պետությունը ՀԷՑ սեփականատիրոջ հետ կամ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ։ Եթե այդ 3 ամիսների ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։

Դավիթ Ղազինյանի խոսքով՝ սա նշանակում է՝ մի քանի հարյուր միլիոն դոլար պետությունը, հարկատուների հաշվին, վճարելու է ընկերության վարկերի դիմաց, մի քանի հարյուր դոլար էլ վճարելու է սեփականատիրոջը։

«Տվյալ անձնավորությունը (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին– խմբ․) շատ լավ գիտի մոտարկված արժեքը և գիտի, որ պետությունը չի կարողանալու այն ձեռք բերել։ Կարծում եմ՝ նրանց խաղաքարտերը խառնվեցին, որովհետև Սամվել Կարապետյանը չգնաց գործարքի։ Դրանից հետո գնացին այլ ճանապարհով»,- ասաց Ղազինյանը։

Նա վստահ է, որ իրեն հարգող որևէ անձնավորություն կամ բարի համբավ ունեցող կազմակերպություն (կապ չունի՝ միջազգային, թե տեղական), ՀԷՑ-ը չի գնելու, քանի որ «բարոյական կոդեքս» կա։

«Չի լինի նման բան։ Միլիարդատեր մարդու ձեռքից խլածը մեկ այլ կազմակերպություն չի գա, վերցնի»,- ասաց Դավիթ Ղազինյանը։

Անդրադառնալով նախորդող օրերին ՀԾԿՀ նիստերին և նոյեմբերի 17-ին կայացված որոշմանը՝ Ղազինյանը նշեց, որ չափազանց հիասթափված է հանձնաժողովների անդամների պահվածքից։

«Պատվերը կատարելու ձև էլ կա։ Գոնե էդ ձևական կողմը պահեին»,- նշեց նա։

Ղազինյանի խոսքով՝ հանձմնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի կաշկանդվածությունն էլ տեսանելի էր նիստի ամբողջ ընթացքում։

«Ժամանակավոր կառավարիչը (Ռոմանոս Պետրոսյանը–խմբ.) աչքը թարթում էր, ինքն արդեն գիտեր՝ ինչ պետք է անի»,- ասաց Ղազինյանը։

Sputnik Արմենիա