ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ 2 ամսով երկարաձգեց գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Լրագրողներին այս մասին հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Այս ամենն ինչի՞ համար է արվում (նկատի ունի իրավական պաշտպանություն, աջակցություն Սամվել Կարապետյանին– խմբ․), եթե «Հայկական ժամանակ» օրաթերթը պարզապես երեկվա 18։30-ի դրությամբ կարող է դատական նիստի ամբողջ ելքը կանխորոշել, այսինքն՝ այդքան խրթին իրավական հարցերի և մյուս կողմից՝ պրիմիտիվ, անհիմն միջնորդության պայմաններով, «Հայկական ժամանակն» ամբողջն ասի, որ կալանքը պետք է երկարացվի։ Այդ նյութը 23։00-ի դրությամբ նույն կերպ պապանված լինի։ Դատական նիստի ժամանակ ես և գործընկերներս բարձրաձայնենք դրա մասին, դատավորը արտահայտի իր վրդովմունքը, թե իբր «ու՞մ տեղն ենք դրել իրեն», ինքը ո՞նց է կարող է լրատվամիջոցի կանխատեսումներով առաջնորդվել։ 100-ից 100 կանխատեսումը կատարեց»,- հայտարարեց Վարդևանյանը։
Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ վերաքննիչ դատարանը նոյեմբերի 13–ին որոշում է կայացրել, որով անհիմն է համարել Կարապետյանին վերագրվող տնտեսական բնույթի մեղադրանքները: Այդ տրամաբանությամբ Կարապետյանն այսօր արդեն պետք է ազատ արձակվեր, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին:
Sputnik Արմենիա
