Логотип

Եթե հաղթեինք, ամբողջ թիմով բանտերում կլինեինք․ Սևակ Խաչատրյանը՝ նախաձեռնված վարույթի մասին

«Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը հարցաքննության չի կանչվել, նրա տունը չի խուզարկվել, իսկ այն, ինչ կատարվում է, քաղաքական ուղղորդում է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Խաչատրյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած վարույթին և նոյեմբերի 17-ից սկսած քննչական գործողություններին։

Նոյեմբերի 17–ի ուշ երեկոյան հայտնել էինք, որ «Հաղթանակ» դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ, նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված, այլընտրանքային խափանման միջոցներ։

Սևակ Խաչատրյանը նշեց՝ 5-ից մի քանիսին չի էլ ճանաչում, թերևս ընտրողներ են։ Կարծում է՝ իշխանությունները փորձում են մարդ գտնել, որ իր դեմ կեղծ ցուցմունք գրի, սակայն դա նրանց չի հաջողվելու։

«Մեր թիմի ավագանու ցուցակից Արմեն Դավթյանի, Կարեն Գևորգյանի, Տիգրան Գևորգյանի և ևս մի քանի հոգու տներ են խուզարկել։ Մյուսներին չեմ ճանաչում, միգուցե մեր համակիրներն են, իրենց ձայնը տվել են «Հաղթանակ» դաշինքին։ Քրեական գործերը հարուցված են, հարցաքննություն եղել է, ստորագրությամբ բաց են թողել։ Ես պատկերացնում եմ՝ եթե մենք հաղթանակ տանեինք, ամբողջ թիմով լինելու էին բանտերում»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա՝ իշխանությունները վտանգ են տեսնում նաև գալիք տարի սպասվող համապետական ընտրությունների համատեքստում, որ Վաղարշապատ համայնքում ընդդիմադիր նման ուժ կա, որը 10 հազարից ավելի մարդու աջակցություն է վայելում։

«Էս ընթացքում փորձելու են քրեական գործերով մեր թիմի անդամներին նեղել, որ պառակտեն։ Բայց թիմն այնքան մեծ է, որ չի ստացվելու»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին՝ Խաչատրյանը վստահ է՝ արդյունքների վրա մեծ ազդեցություն ունեցավ խոշորացված երկու համայնքների միացումը, ուստի, ըստ նրա, Խոյ համայնքի հետ կապված «պլանը ստացվեց»։

Նշեց՝ իր մտավախությունները ճիշտ դուրս եկան, որ Վաղարշապատի ընտրություններում հաղթելու դեպքում ՔՊ-ի հաջորդ քայլը լինելու է Մայր աթոռի վրա հարձակումը։ Կարծում է՝ Խոյ համայնքի բնակիչներն էլ, իրենց կամքից անկախ, գործիք դարձան իշխանությունների ձեռքում այս գործողությունների համար։

Ինչ վերաբերում է իրենց հաջորդ քայլերին՝ Խաչատրյանը նշեց՝ ավագանու իրենց մանդատները վերցնելու են, պայքարը շարունակելու են և լինելու են նաև Մայր աթոռի կողքին։

Նշեց՝ քվեաթերթիկների վերահաշվարկի համար դիմում չեն ներկայացնելու, քանի որ ընտրությունների ընթացքը նորմալ է եղել։ Սակայն դիմում են ներկայացնելու նախընտրական պայքարի ոչ արդար և անհավասար պայմանների ապահովման հարցով։ Նրա խոսքով՝ ՔՊ-ն քարոզարշավն իրականացրել է վարչական ռեսուրսի մեծ ծավալի կիրառմամբ։

Sputnik Արմենիա