Логотип

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում նոյեմբերի 18-ին կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովը։

Հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաև գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը:

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Պատվիրակության կազմում են նաև պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Արթուր Հովհաննիսյանը։