Այսօր Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվում են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի, նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և ևս 2 անձի վերաբերյալ քրեական գործով վկաները։
«Այս գործը վերաբերում է այն դրվագներին, ըստ որի՝ իբր թե Վարդան Ղուկասյանին մեղսագրվում են քաղաքապետ եղած նախկին ժամանակաշրջանում հողերի վաճառք, օտարումներ աճուրդի միջոցով»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Նա հիշեցրեց՝ թեպետ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել էր նոր որոշում, որով Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային համակցված խափանման միջոց՝ պաշտոնավարման կասեցում և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք, սակայն մինչ օրս՝ գրեթե 1 ամիս, Ղուկասյանին շարունակում են կալանքի տակ պահել։
Փաստաբանի խոսքով` Ղուկասյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ լինել։
«Արհեստական, ձևական պահանջներով խոչընդոտում են ոչ միայն Վարդան Ղուկասյանի առողջությանը պատշաճ հետևելու պրոցեսին, այլև իր ընտրած բժշկի կողմից զննության ենթարկվելու իրավունքին, ամբողջական և բավարար տեղեկատվություն չեն տրամադրում առողջական վիճակի մասին»,- նշեց փաստաբանը։
Պաշտպանի համոզմամբ՝ այս բոլոր գործընթացները կապված են Ղուկասյանի անձի թիրախավորման հետ։
Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին մեղսագրվող նոր հոդվածներին, մասնավորապես՝ անկախությունից, ինքնիշխանությունից վերաբերելու հրապարակային կոչ հնչեցնելուն։
«Խոսքը վերաբերում է նրան, որ հարցազրույցների ընթացքում Ղուկասյանը կարծիք է հայտնել, որ արժի միանալ Միութենական պետությանը՝ շեշտելով՝ պահպանելով ՀՀ անկախությունը։ Նույն կերպ, ինչպես շատերը ցանկանում են, որ Հայաստանը միանա ԲՐԻԿՍ-ին, Եվրամիությանը»,- նշեց փաստաբանը։
Նրա խոսքով՝ այս մեղադրանքն արդեն խոսուն է․ այստեղ խոսքը ոչ թե իրավական բնույթի վարքագծի, այլ Վարդան Ղուկասյանին անօրինական միջոցներով ճնշելու մասին է։
Դատական նիստի մեկնարկից առաջ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կարճ զրույցներ ունեցավ իրեն աջակցելու եկած համակիրների հետ՝ նշելով, որ կյանքն անցողիկ է։
«Բրեժնևը եկավ, գնաց, Սադամ Հուսեյնը գնաց, էնպես որ, կյանքն անցողիկ է, մնում է մի բան՝ վերևում (նկատի ունենալով երկնային արաքայությունը– խմբ․)»,- ասաց Ղուկասյանը։
Դատավարության մասնակիցները չառարկեցին, որ դատական նիստն անցկացվի դռնբաց ռեժիմով, ուստի դատավորը որոշում կայացրեց՝ 2 վկաների հարցաքննությունից հետո կրկին դռնբաց ռեժիմին կանցնեն։
Sputnik Արմենիա
