Логотип

Բաքվի դատարանը մերժել է թարգմանչին բացարկ հայտնելու Ռուբեն Վարդանյանի միջնորդությունը

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ այսօր Վարդանյանի կողմից միջնորդություն է ներկայացվել թարգմանիչ Իսլամ Աղաքերիմովին բացարկ հայտնելու մասին, քանի որ նա սխալ թարգմանություն է արել։

Թարգմանիչը պարզաբանել է, որ նախորդ նիստում թույլ տրված սխալը եղել է տեխնիկական և իբրև չի ազդել բովանդակության վրա։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ճանաչելով, որ բացարկի համար օրենքով նախատեսված չեն։

Նիստի հաջորդ հատվածում լսել են այսպես կոչված՝ «տուժողների» ցուցմունքները։

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 20-ին։

Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից։ Ընտանիքի միջոցով փոխանցված իր մեկնաբանության մեջ Վարդանյանը նշել է, որ դա պարտադրված որոշում էր։ Հայտնի բարերարը փաստել է, որ անցած ամիսների ընթացքում սպառվել են պաշտպանության ընթացակարգային բոլոր հնարավորությունները: Վարդանյանը հայտարարել է, որ իրեն պաշտպանության պատրանք պետք չէ, և ինքը հրաժարվում է մասնակցել այդ ֆարսին։

Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նոր հանրային փաստաբան է նշանակվել՝ Էմիլ Բաբիշովը:

Հիշեցնենք նաև, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Sputnik Արմենիա