«Արցախցիները պետք է իրենց իրավունքին տեր կանգնեն, դիմեն միջազգային ատյաններ, եթե ունեն իրենց սեփականության թղթերը, թեկուզ պատճեները։ Կարող են մեզ դիմել»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Նա նշեց, որ առաջին հերթին պետք է իրավական գործընթացներն օգտագործել։
«Ես միայն իրավականի մասին կարող եմ խոսել։ Քաղաքական, թե դիվանագիտական ինչ-որ քայլեր արվում են… հուսում եմ՝ արվում են։ Բայց նույնիսկ այդ դեպքում հնարավոր չէ հասնել ինչ-որ լուծման, եթե չլինի իրավական բաղադրիչը, քանի որ իրավական բաղադրիչը ստանդարտներ է ստեղծում, որի հիման վրա արդեն դիվանագիտական քաղաքական գործընթացներ են արվում։ Մենք զբաղված ենք այդ ստանդարտները ստեղծելով»,- ասաց Ղազարյանը՝ միաժամանակ հավելելով, որ իրավական ընթացակարգերն ուղղակի ժամանակ են պահանջում։
Փաստաբանը նշեց, որ Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Արցախի տարածքը. «Ըստ էության, Արցախի տարածքը Եվրոպայի խորհրդի տարածք է, բայց ամբողջությամբ փակ է, Եվրոպայի խորհրդում չգիտեմ որևէ այլ տարածք, որն ամբողջությամբ փակ է, որևէ մեկը չի կարող մտնել առանց ռազմաքաղաքական ներկայության։ ՄԱԿ-ի ոչ մի հանձնաժողով, փաստահավաք խումբ չի կարող մտնել։ Հիմա այդ ուղղությամբ են ջանքեր կիրառվում, որ գոնե փաստահավաք խումբ գնա՝ ստանալու ոչ թե արբանյակային, այլ արժանահավատ ինֆորմացիա, թե ինչ է կատարվում այնտեղ»։
