Логотип

Մարդ կա 167 հազար դոլար տուժել է, իսկ իրավապահներն ասում են՝ «Ո՞ւր էր ձեր գլուխը». «Հելոբիթից» տուժածներիի ակցիան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մի խումբ քաղաքացիներ, որոնք կիբերխարդախության զոհ են դարձել, այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը նշեց. «Մենք՝ զեղծարարության, կիբերհանցագործության զոհ դարձած և բավականին մեծ գումարներ կորցրած քաղաքացիների հետ միասին եկել ենք գլխավոր դատախազություն մեր բողոքներն ու պահանջները ներկայացնելու։

Մենք պահանջում ենք նախ ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում, երկրորդ նախաձեռնել քրեական վարույթ, երրորդ քաղաքացիներին ճանաչել որպես տուժող։ Երկրում կան մոտավորապես 17000 և ավելի քաղաքացիներ, որոնք դարձել են զեղծարարության զոհ, սակայն մինչ այսօր ոստիկանությունում ընդամենը տասնյակ ահազանգեր են ստացել։ Մինչդեռ «Հանրային վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը այս պահի դրությամբ ունի 250 և ավելի գրավոր դիմումներ։ Սա անվստահություն է պետական մարմինների նկատմամբ, ինչը ունի իր տրամաբանական հիմնավորումները։

Զեղծարարության զոհ դարձած քաղաքացին, երբ որ դիմում է ոստիկանություն, ստանում է անլուրջ վերաբերմունք, ինչը հարիր չէ նման դեպքերում։ Տուժողին երբեք չի կարելի մեղադրանք ներկայացնել, երբ որ տուժողը ներկայացնում է, որ ինքը դարձել է զեղծարարության զոհ, համապատասխան մարմինների կողմից ստանում է հետևյալ վերաբերմունքը. «Իսկ ու՞ր էր ձեր գլուխը», «Ու՞մ եք փոխանցել ձեր փողերը», «Ձեր փողերը ձեր կամքով փոխանցել եք ուրիշներին, հիմա եկել եք մեզանի՞ց եք պահանջում»։

Սա հանցագործությունը կոծկելու ձև է, որը առաջացնում է անվստահություն քաղաքացիների մոտ մեր պետական մարմինների նկատմամբ, ինչը պիտի հուզի ՀՀ գլխավոր դատախազին»։

Կարագոզյանը նաև հարցադրումներ արեց. «Ինչի՞ հետևանքով են առաջացել այս կիբերհանցագործությունները, սա պետական մարմինների բացթողումների և թերացումների և հանցավոր անգործության հետևանքով է։ Եթե ես հիմա որոշեմ փողոցում կոնֆետ վաճառել, ինձ մոտենալու են ու ենթարկեն տուժերի կամ պատասխանատվության նրա համար, որ ես ապօրինի ձեռնարկատիրություն եմ ծավալում։ Բա այդ ապօրինի ձեռնարկատիրությունը, այս հանցավոր խմբավորումները, որ իրականացնում են երկրում և մենք ունենք 17000 և ավելի զեղծարարության զոհ դարձած տուժածներ, բա դրանցով ո՞վ պետք է զբաղվեր։ Եթե կանխվեր ի սկզբանե այս հանցագործությունները, այս թիվը այսքան շատ չէր լինի։ Ասենք թող լիներ 17, 170, լավ թող լիներ 1700, բայց 17000 զեղծարարության զոհ ունենք, որոնց իրավունքները ոտնահարված են։ Մարդկանց գործերին նայում են մատների արանքով»։

Հարցին՝ 17000 թիվը որտեղի՞ց, նա պատասխանեց. «Վերջերս Hellobit–ն է շատ ակտուալ դարձել։ Hellobit–ի գործառույթների պատճառով տուժած քաղաքացիներ ասում են որ երբ իրենք կապի մեջ են եղել, այնտեղ ցույց է տվել որ հարթակում այս պահին օնլայն կա 18000–19000 հոգի։ Քանի որ այստեղ 20-ից մեկն է շահումով դուրս եկել, ներդրում արել և եկամուտը ստացել, եթե 18000–19000-ից հանենք այդ 2000-ը, ստացվում է 17000։ Եթե սրան պետք է ավելացնենք նաև այլ հարթակներից տուժած քաղաքացիների թիվը, մոտավորապես 20000-ի հասնում է տուժածների թիվը»։

Նա նաև նշեց, որ մարդկանց տարբեր գովազդներով առաջարկում են ավելի բարձր փոխարժեքով փոխանակել արտարժույթը և այդ ձևով ևս քաղաքացիները հայտնվում ծուղակում, կորցնելով կանխիկ իրենց ձեռքի գումարները։

«Կան բազմաթիվ մեթոդներ, ինչը չի կանխարգելվում մեր ուժային կառույցների կողմից։ Բարձիթողի վիճակ է»։

Ինչ վերաբերում է նրան, որ այդ 17 հազարից ընդամենը մի քանիսն են եկել բողոքի ակցիայի, ՀԿ ղեկավարը նկատեց. «Քաղաքացիները ունեն կաշկանդվածություն, նրանք չեն ցանկանում նրանց դեմքը երևա տեսախցիկներով, որովհետև և հասարակության, և պետական մարմինների կողմից լինում են մեղադրանքներ տուժող քաղաքացու նկատմամբ։ Սա հալածանք է, անիրավչություն է։

Այս պահին մենք ունենք մոտ 250 գրավոր դիմումներ։ Դրանց 70% և ավելին Հելոբիթի» զեղծարարության զոհեր են, մնացածը այլ հարթակների»։

Դիտարկմանը, որ իրավապահները պարբերաբար զգուշացնում են, որ մարդիկ զերծ մնան նման խարդախ սխեմաներից, Կարագոզյանն ասաց. «ՆԳՆ–ն կամ քննչական կոմիտեն կամ դատախազությունը զգուշացումներ տարածելու համար չեն։ Զգուշացումներ կարող են տարածել, ասենք, օրինակ, իրավապաշտպանները, փորձագետները, բայց պետական մարմինը ավելի կարևոր գործ պիտի անի և գործուն քայլերի պետք է դիմի, պետք է կանխարգելվել այս հանցագործությունները։ Մենք այստեղ ունենք 1000 դոլարից սկսած տուժողներ։ Այն տիկինը կորցրել էր 167000 դոլար, սա նորմա՞լ է»։

News.am