Логотип

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին, սակայն կա մեկ պայման

Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ-ի հետ, եթե դրանք անցկացվեն հարգանքով, հայտարարել է Իրանի Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին՝ ընդգծելով, որ Իրանը չի հրաժարվի այն դիրքորոշումից, որը զբաղեցնում էր մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հունիսին իր վրա հարձակվելը, փոխանցում է Tasnim

«Նրանք (ԱՄՆ-ն) պետք է առաջին քայլը կատարեն՝ ցույց տալու համար, որ պատրաստ են մեր հետ համագործակցել մեր առաջարկած պայմաններով… դա պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա», – Թեհրանից CNN-ին ասել է Քամալ Խարազին։

«Օրակարգը նախապես կպատրաստվի՝ քննարկումների էության և գործընթացի վերաբերյալ պարզություն ապահովելու համար։ Ցավոք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հավատում դիվանագիտական փոխգործակցությանը, այլ նախընտրում է օգտագործել ուժը իր նպատակներին հասնելու համար»,- նշել է Խարազին։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունների համար Իրանի պայմանները չեն փոխվել այն բանից հետո, երբ հունիսին ԱՄՆ-ը և Իսրայելը հարվածել են իր միջուկային օբյեկտներին՝ հավելելով, որ ուրանի հարստացումը կշարունակվի, քանի որ երկիրը վառելիքի կարիք ունի իր էլեկտրակայանների և բժշկական նպատակների համար։ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որը, նրա խոսքով, ընդլայնվում է, նույնպես դուրս կբերվի բանակցությունների օրակարգից։

«Մենք միջուկային հարցը կքննարկենք միայն Միացյալ Նահանգների հետ», – ասել է Խարազին։ Նա հավելել է, որ անցել է գրեթե հինգ ամիս և Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասը դեռևս չի գնահատվել։

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ պոտենցիալ բանակցությունների ուշադրության կենտրոնում կլինի «հարստացման աստիճանը, այլ ոչ թե բուն հարստացումը»։ Հարցին, թե արդյոք ինքը մտահոգված է ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ նոր ռազմական առճակատմամբ, Խարազինը պատասխանել է. «Ամեն ինչ հնարավոր է։ Բայց մենք պատրաստ ենք դրան»։

CNN-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի, այդ թվում՝ պոտենցիալ կոնսորցիումի վերաբերյալ փոխըմբռնման հասնել ԱՄՆ-ի հետ՝ Խարազին պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։

«Եթե Իրանի և ԱՄՆ-ի միջև իսկական բանակցություններ սկսվեն, ապա կան ուղիներ և միջոցներ, թե ինչպես ապահովել, որ Իրանը կարողանա շարունակել իր ուրանի հարստացումը և միևնույն ժամանակ վստահեցնել մյուսներին, որ ինքը չի պատրաստվում միջուկային զենք ձեռք բերել»,- հավելել է նա։

Խարազին նաև դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Սկսե՛ք Իրանի հանդեպ դրական մոտեցում ցուցաբերել։ Եթե այն դրական լինի, ապա, անկասկած, փոխադարձ պատասխան կստանաք։ Սակայն դրա համար նրանք (ԱՄՆ-ը) պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ որևէ ուժ կիրառելուց։ Նրանք արդեն փորձել են դա և այժմ հասկանում են, որ դա անընդունելի և անիրագործելի է»,- ասել է նա։

News.am