Логотип

Լեհաստանի ԱԳՆ-ն փակում է ՌԴ-ի վերջին գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանը հայտարարել է երկրում՝ Գդանսկ քաղաքում, Ռուսաստանի վերջին հյուպատոսությունը փակելու որոշման մասին։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Սեյմում ունեցած ելույթի ժամանակ։

Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Լեհաստանը մտադիր չէ խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները, ինչպես դա չեն անում նաև մյուս երկրները, որոնց տարածքում տեղի են ունեցել ահաբեկչական կամ դիվերսիոն գործողություններ։

Գդանսկում դիվանագիտական ​​ներկայացուցչությունը Լեհաստանում Ռուսաստանի վերջին գլխավոր հյուպատոսությունն էր։ Վարշավայի դեսպանատանը հյուպատոսական բաժին է գործում, սակայն այն միայն որոշ գործառույթներ է կատարում և առանձին դիվանագիտական ​​կարգավիճակ չունի։

Կրեմլն արդեն մեկնաբանել է Լեհաստանում Ռուսաստանի վերջին հյուպատոսության փակումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ այդ որոշումը որևէ առնչություն չունի ողջամտության հետ։

«Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին վատթարացել են։ Սա, հավանաբար, այդ վատթարացման դրսևորումն է, լեհական իշխանությունների ցանկությունը՝ զրոյի հասցնել հյուպատոսական կամ դիվանագիտական ​​հարաբերությունների ցանկացած հնարավորություն։ Այստեղ միայն կարելի է ափսոսանք հայտնել», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կպատասխանի Գդանսկում իր գլխավոր հյուպատոսության փակմանը՝ կրճատելով Ռուսաստանում Լեհաստանի դիվանագիտական ​​և հյուպատոսական ներկայությունը։

Լեհաստանում անցյալ շաբաթ Վարշավա-Լյուբլին երկաթուղում երկու դիվերսիա է տեղի ունեցել։ Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ լեհական քննության տվյալներով՝ երկաթուղում դիվերսիան կատարել են Ուկրաինայի երկու քաղաքացիներ։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ այդ քաղաքացիները, իբր, համագործակցել են Ռուսաստանի հետ, բայց որևէ ապացույց չի ներկայացրել։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այն ժամանակ ուշագրավ է անվանել այն փաստը, որ ուկրաինացիների անունն է շոշափվում մի իրավիճակում, որը կապված է Լեհաստանում տեղի ունեցած դիվերսիայի հետ։ Նա նաև նշել է, որ Լեհաստանում Ռուսաստանին մեղադրում են հիբրիդային պատերազմի բոլոր դրսևորումների մեջ, տարօրինակ կլիներ, եթե Մոսկվային չմեղադրեին նաև երկաթուղում տեղի ունեցած դիվերսիայի մեջ։

Sputnik Արմենիա