Логотип

Թուրքիան հայտարարել է վրաց-ադրբեջանական սահմանին կործանված ռազմական ինքնաթիռի սև արկղերի վերծանման մեկնարկի մասին

Ադրբեջանա-վրացական սահմանի մոտ կործանված C-130 ռազմական տրանսպորտային ինքնաթիռի մնացորդների մեծ մասը հասցվել է Թուրքիա, հաղորդում է Anadolu-ն։

Ավիավթարի հետաքննչական խումբը, որը ստեղծվել և դեպքի վայր է ուղարկվել անմիջապես միջադեպից հետո, շարունակում է իր աշխատանքները: Տարածքի մանրակրկիտ զննումից հետո ինքնաթիռի բեկորները զգուշորեն բեռնվել են բեռնատարների վրա: C-130-ի բեկորների մեծ մասն այժմ տեղափոխվել է Թուրքիա:

Բեկորները կուսումնասիրվեն Քայսերի կենտրոնական անատոլիական նահանգում գտնվող Օդանավերի տեխնիկական սպասարկման թիվ 2 գործարանում, որը ենթարկվում է Ազգային պաշտպանության նախարարության ռազմական գործարանների վարչությանը։

Միևնույն ժամանակ, սկսվել է ինքնաթիռի «սև արկղի» վերլուծությունը։ Ակնկալվում է, որ միջադեպի պատճառը պարզ կդառնա դեպքի վայրի զննումն ու «սև արկղերի» վերծանումն ավարտելուց հետո։ Ավիավթարի հետաքննության խումբը կշարունակի իր աշխատանքը կործանման վայրում մինչև հանգստյան օրերը։

Թուրքական ՌՕՈւ-ի C-130 ինքնաթիռը նոյեմբերի 11-ին կործանվել է ադրբեջանա-վրացական սահմանի մոտ, ինչի հետևանքով զոհվել են բոլոր 20 ուղևորները։ Ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը երկուշաբթի օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ օդանավի ձայնագրիչների վերծանումը և նախնական արդյունքների ստացումը կտևի առնվազն երկու ամիս։

«Ըստ նախնական, թեև ոչ լիովին հստակ եզրակացությունների, նախ պոկվել է պոչային հատվածը։ Այնուհետև այն մասնատվել է երեք մասի։ Դա կպարզվի «սև արկղի» միջոցով»,- պարզաբանել է նախարարը՝ հավելելով, որ «սև արկղը» ներկայումս ուսումնասիրվում է թուրքական ավիատիեզերական արդյունաբերության (TUSAŞ) կողմից։

News.am