Գյումրու կենտրոնական աղբավայրը շուրջ 1 շաբաթ է՝ այրվում է։ Այսօր Գյումրու համայնքապետարանում համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել այս առնչությամբ։ Ծուխը հատկապես մեծ անհարմարություններ է պատճառում Մուշ թաղամասի բնակիչներին։
Առաքելյանը նշում է՝ քաղաքը բնապահպանական մարտահրավերի առաջ է հայտնվել։ Քաղաքի կումունալ ծառայությունն ու ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը զբաղվում են խնդրով, բայց դեռևս ապարդյուն։ Հրշեջ մեքենաները նույնիսկ չեն կարողանում հասնել կրակի օջախներին՝ հրդեհը մարելու համար։
Առաքելյանն առաջարկել է մրցույթ հայտարարել աղբը ծանր տեխնիկայով մաքրելու, ինչպես նաև հողի շերտով ծածկելու համար, որպեսզի կանխվեն նոր հրդեհները։
Նշենք, որ Գյումրու աղբավայրը գործում է 1954-ից, 1988թ․ երկրաշարժից հետո այն մոտ 8 հա ընդլայնվել է։
Հավելենք, որ Գյումրու համայնքապետարանն աղբավայրի հարցով գրություն է ուղարկել կառավարություն։
Sputnik Արմենիա
