ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջեֆրի Էպշտեյնի գաղտնիացված ֆայլերի հրապարակման մասին օրինագիծ է ստորագրել, ֆայլերի, որոնցում, ինչպես ավելի վաղ գրում էր մամուլը, կարող է շրջանառվել նաև պետության ղեկավարի անունը։
Ստորագրումը տեղի է ունեցել Սպիտակ տանը։ Նոյեմբերի 18–ին այն հաստատել է Ներկայացուցիչների պալատը, ապա հեռակա կարգով ստացվել է Սենատի հավանությունը արագացված ընթացակարգով։
«Ես հենց նոր օրենք ստորագրեցի Էպշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման մասին», – գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում` նշելով, որ ֆայլերի հրապարակումը կբացահայտի ճշմարտությունը ԱՄՆ նախկին առաջնորդ Բիլ Քլինթոնի և այլ դեմոկրատների մասին։
Ավելի վաղ Թրամփը դեմ էր այդ ֆայլերի հրապարակմանը` խստորեն քննադատելով Կոնգրեսի այն սակավաթիվ կուսակիցներին, որոնք սկզբում աջակցել էին օրինագծի քննարկման փուլում։ Սակայն վերջին պահին նա փոխել է կարծիքը և կոչ արել հանրապետականներին քվեարկել հրապարակման օգտին։
ԱՄՆ նախագահին կասկածում են անչափահասների սեռական ծառայությունների վաճառքում մեղադրվող Էպշտեյնի հետ կապերի մեջ, սակայն մինչ օրս ֆինանսիստի հանցագործություններին Թրամփի առնչության որևէ ուղիղ ապացույց չի ներկայացվել։
Օրեր առաջ միլիարդատեր մանկապիղծ Էպշտեյնի զոհերը ԱՄՆ Կոնգրեսին ուղղված տեսաուղերձ են ձայնագրել` կոչ անելով քվեարկել գործի նյութերը հրապարակելու օգտին։
Կոմպրոմատ մի շարք հայտնիների վերաբերյալ
Նոյեմբերի 16–ին հանրապետական Թոմաս Մասին հայտնեց, որ Էպշտեյնի չհրապարակված ֆայլերն առնվազն 20 հայտնի անձանց անուններ են պարունակում, որոնք առնչություն են ունեցել հանցագործություններին, բայց նրանց նկատմամբ դեռ հետաքննություն չի իրականացվել։ Ցանկում կան քաղաքական գործիչներ, միլիարդատերեր և կինոպրոդյուսերներ:
Ավելի վաղ Կոնգրեսի դեմոկրատները հրապարակել էին Էպշտեյնի արխիվի տվյալների մի մասը: Սակայն նույնիսկ տվյալների հրապարակման մասին օրինագծի ստորագրումից հետո դրանցից մի քանիսը կմնան գաղտնի, օրինակ` բռնության զոհերի մասին տեղեկատվությունը և մանկական պոռնոգրաֆիա պարունակող կամ պատկերող ցանկացած նյութ:
Թրամփի վարչակազմը կարող է նաև բացառել այն նյութերի հրապարակումը, որոնց գաղտնազերծումը կարող է խոչընդոտել հետաքննությանը: ԱՄՆ արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփի կարգադրությամբ կստուգի ԱՄՆ նախկին նախագահ, դեմոկրատ Բիլ Քլինթոնին, ինչպես նաև ԱՄՆ նախկին ֆինանսների նախարար և Հարվարդի համալսարանի նախկին ղեկավար Լարի Սամերսին, LinkedIn-ի համահիմնադիր, միլիարդատեր և դեմոկրատների դոնոր Ռիդ Հոֆմանին և JPMorgan Chase բանկին՝ Էպշտեյնի հետ նրանց կապերի առնչությամբ:
Էպշտեյնի գործը
Էպշտեյնի գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունն ԱՄՆ-ում կրկին ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը չկարողացավ նոր նյութեր տրամադրել, չնայած նրան, որ հանրապետականը քարոզարշավի ընթացքում խոստացել էր գաղտնազերծել ֆայլերը:
2019 թվականին Էպշտեյնին ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրվեց սեռական շահագործման նպատակով անչափահասների վաճառքի համար, ինչը նախատեսում է մինչև 40 տարի ազատազրկում, և նման առևտրում ներգրավելու նպատակով դավադրության մեջ (մինչև հինգ տարի ազատազրկում): Մեղադրողների տեղեկություններով՝ 2002-2005 թվականներին Էպշտեյնը սեռական հարաբերություններ է ունեցել տասնյակ անչափահաս աղջիկների հետ, որոնց նա ընդունել է Նյու Յորքի և Ֆլորիդայի իր նստավայրերում: Նա նրանց կանխիկ հարյուրավոր դոլարներ է վճարել է, որից հետո զոհերից մի քանիսին հանձնարարել է ծառայել որպես հավաքագրող՝ նոր աղջիկներ բերելու համար: Զոհերից մի քանիսի տարիքը չէր գերազանցում 14 տարեկանը:
2019 թվականի հուլիսի սկզբին Նյու Յորքի Մանհեթենի դատարանն Էպշտեյնի ցուցմունքը լսելուց հետո որոշեց թողնել նրան կալանքի տակ և մերժել գրավի դիմաց ազատ արձակումը: Նույն թվականի հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ Էպշտեյնին գտել են բանտախցում՝ «կիսագիտակից» վիճակում, ինչից հետո նա մահացել է: Հետաքննությունը ցույց է տվել, որ նա ինքնասպան է եղել:
Sputnik Արմենիա
