Անկարան իսկապե՞ս խաղաղություն է ուզում Երևանի հետ
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Վերջին շաբաթներին հայաստանյան հանրային դաշտում տեսանելի էր թիրախային արշավ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների «շուտափույթ կարգավորման» և սահմանի բացման վերաբերյալ կեղծ ակնկալիքներ ստեղծելու նպատակով։ Այդ արշավի կենտրոնական տարրերից մեկը դարձավ Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, հայազգի Կարո Փայլանի ելույթը Երևանում տեղի ունեցած միջազգային համաժողովում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Երևանում տեղի ունեցավ ««Օրբելի Ֆորում 2025․ Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» միջազգային ֆորումը, որը կազմակերպվել էր իշխանական վերլուծական կենտրոնի կողմից։ Հենց այս հարթակում Կարո Փայլանը հայտարարեց, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը քաղաքացիների համար կբացվի 2026 թվականի սկզբին (կամ առաջիկա ամիսներին)։
«Ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության։ Ճնշմա՞ն միջոցով։ 120 տարի փորձել են։ Չի ստացվել։ Սահմանի երկու կողմերի մարդիկ իրար չեն ճանաչում և փոխանակվում են ատելության հռետորաբանությամբ: Հայաստանն ու Ադրբեջանն առանց միջնորդների են շփվում միմյանց հետ, հայ և թուրք պաշտոնյաները անմիջականորեն են զրուցում միմյանց հետ»,- այս խոսքերը ակնթարթորեն ընկալվեցին ու տարածվեցին որպես անխուսափելի և մոտալուտ փաստ, ինչը ծառայում էր որպես հարմար ֆոն արտաքին քաղաքականության ոլորտում դրական օրակարգի իմիտացիա ստեղծելու համար։
Ըստ էության, թուրք քաղաքական գործիչը, ելույթ ունենալով «փաշինյանական կենտրոնի» կողմից կազմակերպված հարթակում, շուտափույթ հաջողության ազդանշան էր հաղորդում՝ զգոնությունը թուլացնելով հասարակության մոտ։
Սակայն այս արհեստականորեն ստեղծված պատրանքը արագ քանդեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որը նշեց առաջընթացի համար հստակ անիրագործելի պայմանը։ Անկարայի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը խստագույնս կապված են Բաքվի և Երևանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։
«Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ Բաքվի և Երևանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։ Եթե Անկարան հիմա գնա կարգավորման, ապա Հայաստանի համար կվերացնի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու գլխավոր խթանը», -հայտարարեց Ֆիդանը։
Ֆիդանը նաև ընդգծեց, որ ենթադրյալ պայմանագրում չեն քննարկվում Բաքվի համար երկու առանցքային հարցեր.
• «Զանգեզուրի միջանցքի հարցը»։
• Հայաստանի Սահմանադրության հետ կապված որոշ դրույթներ (Ադրբեջանի պահանջները՝ փոփոխելու Լեռնային Ղարաբաղի և Անկախության հռչակագրի հետ կապված ձևակերպումները)։
Փայլանի և Ֆիդանի հայտարարությունների համեմատությունը վառ կերպով ցույց է տալիս, թե ինչպես է թուրքական քարոզչությունն, օգտագործելով «հայ» խոսնակներին կամ լոյալ հարթակները (Օրբելի կենտրոնը), մոլորեցնում և մանիպուլյացիայի ենթարկում հանրային գիտակցությունը Հայաստանի ներսում․
• Փայլանի պատրանքը. Սահմանի բացում «առաջիկա ամիսներին» կամ «2026 թվականի սկզբին»։
• Ֆիդանի իրականությունը. Սահմանի բացումը միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, որն, իր հերթին, Հայաստանից պահանջում է լուծել կրիտիկական կարևորության հարցեր, ներառյալ միջանցքը և Սահմանադրության փոփոխությունները։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը պայմանավորված է նման վերջնագրերով, մոտ ապագայում քիչ հավանական է, ակնհայտ է դառնում.
• Անկարայի հետ «շուտափույթ» կարգավորում և սահմանի բացում չի լինի։
• Փայլանի խոսքերը և դրանց ակտիվ տարածումը իշխանամետ ԶԼՄ-ների կողմից ՀՀ-ում թուրքական նարատիվների տարածման վառ վկայությունն է, որոնք ուղղված են կեղծ հույսեր ստեղծելուն և ուշադրությունը իրական դիվանագիտական փակուղիներից ու պահանջներից շեղելուն։
Իրական սպառնալիքների մասին խոսելու փոխարեն (օրինակ՝ Սահմանադրության փոփոխման), իշխանամետ քարոզչությունը նախընտրում է փոխանցել թուրքամետ խոսնակների կողմից հնչեցրած սահմանի բացման մասին քաղցր, բայց դատարկ խոստումները։ Սա վտանգավոր մանիպուլյացիա է, որի նպատակն է ստեղծել արտաքին քաղաքական հաջողությունների պատրանքներ, որոնք գոյություն չունեն։
Մտածե՛ք այդ մասին․.․»։
