Логотип

ՀՀ-ից երկաթի և չլեգիրված պողպատի` 3-րդ երկրներ արտահանման համար սահմանվեց 6-ամսյա լիցենզիա

ՀՀ–ից երկաթի և չլեգիրված պողպատի, երկաթից կամ չլեգիրված պողպատից կիսապատրաստուկների, լեգիրված ձուլակտորներով կամ այլ սկզբնական ձևերով պողպատի, զտված պղնձի և չմշակված պղնձային համաձուլվածքների, չմշակված ալյումինի, ալյումինի փոշիների և թեփուկների դեպի 3–րդ երկրներ արտահանման համար կսահմանվի լիցենզիա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Լիցենզավորման ժամկետը 2026 թ. հունվարի 3-ից մինչև 2026 թ. հուլիսի 3-ն է։

«Այս գործընթացն իրականացվում է 6 ամիս ժամկետով, քանի որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով սահմանվում է սահմանափակման առավելագույն ժամկետ (6 ամիս)»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

Լիցենզիայի մեջ կնշվի արտահանվող ապրանքի ընդհանուր քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։

Որոշման մեջ նշվում է նաև, որ այս ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիցենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ` առանց յուրաքանչյուր անգամ լիազոր մարմնին` ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը դիմելու։

Sputnik Արմենիա