Логотип

ՓԱՍՏԱԲԱՆ․ ՌՈՒԲԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԵՂԵԼ Է 1 ՈՍՏԻԿԱՆԻ ԽՈՍՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին ներկայացված մեղադրանքը հիմնված է եղել բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Մխիթարյանի պաշտպանական թիմի անդամ Լիանա Գասպարյանը։

Նշենք, որ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված 23 անձանցից մեկն էր։ Այդ օրն ուժայինները ներխուժել էին քաղաքապետարան՝ համայնքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու համար։ Մխիթարյանը հոկտեմբերի 23-ին 2 ամսով կալանավորվել էր և շուրջ 1 ամիս անց ազատ արձակվեց։

«Մեր պաշտպանյալին ապօրինաբար են ձերբակալել, ապա կալանավորել և շուրջ 1 ամիս պահել անազատության մեջ։ Ռուբեն Մխիթարյանի գործն առանձնակի էր, քանի որ նա իր մասնագիտական գործունեությունն էր իրականացնում։ Նման դատական ակտ, կալանքի միջնորդություն իմ պրակտիկայում չեմ ունեցել, երբ նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, բայց չի նշվում, թե ինչին կարող է անձը խոչընդոտել կամ ինչից խուսափել։ Ի դեպ, Մխիթարյանի ձերբակալության արձանագրությունը կազմել է մի ոստիկան, իսկ հարցաքննվել մեկ այլ։ Նրան ներկայացված մեղադրանքը հիմնվել է ընդամենը 1 ոստիկանի ցուցմունքի հիման վրա։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը, չակերտավոր արդարադատություն իրականացնող տվյալ դատավորը աչք են փակել այդ հանգամանքի վրա»,- նշեց Գասպարյանը։

Ընդգծեց՝ հարցաքննվել է գործով տուժող համարվող ոստիկանը, որը նույնիսկ չի էլ ճանաչել ու չի կարողացել նկարագրել Ռուբեն Մխիթարյանին։ Տվյալ ոստիկանը վստահեցրել է, թե ինքն է կազմել արձանագրությունը, բայց Գասպարյանը վստահեցնում է՝ դա իրականությանը չի համապատասխանում։

Փաստաբանը շեշտեց՝ կալանքի միջնորդության քննման ժամանակ դատարանին համոզելով են նայել այն տեսանյութը, որտեղ հստակ երևում է՝ Մխիթարյանին վերագրվող հանցանքները չեն համապատասխանում իրականությանը։ Վստահեցրեց՝ Մխիթարյանի քայլերը եղել են կանխարգելող և հանդարտեցնող։

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանն էլ ներկայացրեց, թե ինքն այդ օրն ինչ է արել և ինչպես է հոկտեմբերի 20-ին հայտնվել ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած իրադարձությունների կենտրոնում։ Նա ընդգծեց՝ Գյումրի է գնացել փաստաբանական աջակցություն տրամադրելու, սակայն չնշեց, թե ում մասին է խոսքը, քանի որ դա փաստաբանական գաղտնիք է։

«Այդ օրը Երևանից շարժվեցի Գյումրի։ Քաղաքապետարանին մոտենալու և շենք մուտք գործելու համար ցույց եմ տվել իմ փաստաբանի արտոնագիրը, ապա մի քանի ճշտումներ անելուց հետո մտա ներս։ Այսինքն՝ ոստիկանները քաջատեղյակ էին, որ ես փաստաբան եմ ու ինչ գործունեություն եմ իրականացնելու։ Տեսանյութերից մեկում երևում է, որ հանգիստ կանգնած եմ, այդ ժամանակ փոխքաղաքապետ Ալեքս Առաքելյանը հարցազրույց էր տալիս, ու նկատեցի, որ ինչ-որ ակտվիություն կա։ Տեսագրությունում երևում է, որ 1-2 րոպե հետո հայնտվել եմ կիզակետում՝ ձեռքերս բարձրացրած մտել եմ ոստիկանների և քաղաքացիների մեջտեղը։ Դա տևել է ընդամենը 15-20 վայրկյան»,- նշեց Մխիթարյանը։

Նա ընդգծեց, որ հենց այդ ժամանակ իրեն բերման են ենթարկել՝ անկախ այն հանգամանքից, որ ինքը հերթական անգամ ասել է, թե ով է և ինչ գործունեություն է իրականացնում։

Մխիթարյանի խոսքով՝ իր համար զարմանալի է, թե ինչու էին այդ օրը այդքան մեծ թվով ոստիկաններ ու ԱԱԾ ծառայողներ բերվել Գյումրու քաղաքապետարանի մոտ, ինչպես նաև Վարդան Ղուկասյանին էլ ծանուցում չէր եկել ներկայանալու համար։

«Այդտեղ կատարվողը կարծես բեմականացում լիներ։ Այս ամենը չէր լինի, եթե Գյումրու քաղաքապետին ծանուցում ուղարկեին, կանչեին։ Այսինքն, այս ամենը հնարավոր էր առանց աղմուկի անել, բայց ՀՀ իշխանություններն ընտրել էին բեմականացում անելու տարբերակը։ Ուղղակի խնդիրը պետք էր մասսայական դարձնել»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը։

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին՝ Մխիթարյանը նշեց, որ ներկայում քննարկումներ են ընթանում, թե ինչ են անելու, վերջնական որոշման դեպքում կտեղեկացնեն։

Պաշտպան Լիանա Գասպարյանը նաև շեշտեց՝ Մխիթարյանի օրինակը ցույց է տալիս, որ վտանգված է ամբողջ փաստաբանական համայնքը։ Ընդգծեց՝ չեն լռելու ու մշտապես պայքարելու են իրական արդարադատության համար։ Մխիթարյանն էլ իր հերթին նշեց՝ վերջին շրջանում ամենաշատ թիրախավորվող խումբը փաստաբաններն են։

Sputnik Արմենիա