Логотип

Տոկաև․ Աստանայում Հայաստանի հետ կստորագրվեն մի շարք կարևոր համաձայնագրեր

Հայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը Աստանայում կստորագրեն մի շարք կարևոր համաձայնագրեր։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևը։

«ՀՀ վարչապետի այցը առանձնահատուկ նշանակություն ունի։ Մենք վստահ ենք, որ այն զգալի խթան կհաղորդի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացմանը։ Սա ձեր առաջին այցն է Ղազախստան։ Ղազախ ժողովուրդը մեծ հարգանք է տածում Հայաստանի ժողովրդի, նրա պատմության, ավանդույթների և մշակույթի նկատմամբ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք կարևոր համաձայնագրեր»,– ասել է Տոկաևը։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ այս այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։

«Կարծում եմ, որ մեր հարաբերություններում այս նոր դարաշրջանը բացվեց անցյալ տարի Հայաստանի Հանրապետություն կատարած ձեր պաշտոնական այցի շնորհիվ, որի արդյունքում մենք ստորագրեցինք մի շարք կարևորագույն համաձայնագրեր։ Դրանց մի մասն արդեն իրականացվել է, մնացածն ընթացքում են»,– ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն է ժամանել նոյեմբերի 20–ին։ Այցի շրջանակում Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ:

Sputnik Արմենիա