«Հայաստանում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով նոյեմբերի 26-ին նախատեսված խորհրդարանական լսումներին մասնակցելու համար հրավեր կլինի նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, սակայն ես որևէ հույս չունեմ, որ ներկա կլինի ու կտա պարզաբանումներ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21–ին, նախքան ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» նախագծի քննարկումն՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը։
«Գլխավոր դատախազը, ըստ էության, մեկ անգամ արդեն եղավ Ազգային ժողովում, երբ միջնորդություն էր ներկայացնում անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոց կիրառելու հետ կապված, և այդ ամբիոնից ներկայացրեց խեղաթյուրված ինֆորմացիա։
Չեմ հավատում, որ այս լսումների ընթացքում գալու է, որպեսզի շտկի իր կողմից ներկայացված, խեղաթյուրված ինֆորմացիան։
Լսումներին, իհարկե, հրավիրելու ենք նաև միջազգային կառույցների ներկայացուցիչների, որովհետև տարօրինակ կերպով միջազգային կառույցները շատ իներտ են այսօր ՀՀ–ում տեղի ունեցող ժողովրդավարության դեմ ոտնձգություններին»,–ասաց նա։
Անդրադառնալով հայտարարության նախագծին, ԷԼինար Վարդանյանն ասաց. «Հայտարարության մեջ արծարծվում է քաղբանտարկյալների խնդիրը, ինչպես նաև իրավական համակարգի հետ կապված բացթողումները, որոնք բերում են անձանց քաղբանտարկյալ ճանաչելու կարգավիճակին։ Հայտարարության մեջ կոնկրետ թվեր չենք նշել, որովհետև այդ թվերը պարբերաբար փոփոխվում են։ Օրինակ, մինչև հայտարարությունը պատրաստելը դեռ կալանավորված չէին Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը։ Բայց ես պետք է նշեմ, որ 60-ից ավել անձ այս պահին ենթարկվում է քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառներով և գրեթե 40-ը այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ են»։
Դիտարկմանը, որ երեկ դատարանը ազատ արձակեց Բագրատ Սրբազանի և մյուսների գործով մեղադրյալներից մի քանիսին, պատգամավորը նկատեց, որ միևնույն է այդ նույն մարդկանց նկատմամբ այս պահին դեռ շարունակվում է քաղաքական ենթատեքստով իրականացվող հետապնդումը։ Բացի այդ, կալանքից ազատ չարձակվեց Լիդիա Մանթաշյանը։
News.am
