Логотип

Apple-ը պատվիրակություն կգործուղի Հայաստան, իսկ Google-ի հետ կլինի համագործակցություն

Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։ Ինչպես հայտնում է ԱՄՆ–ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄն–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Apple ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հանդիպման ժամանակ։

Նշվում է, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 20–ին այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ էլ տեղի է ունեցել հանդիպումը։

«Հանդիպման ընթացքում դեսպանն ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված ՀՀ-ԱՄՆ ԱԲ-ի և կիսահղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը քննարկվել են նաև համագործակցության հնարավոր ուղղությունները և Apple–ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։

Նույն օրը դեսպան Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում այցելել է նաև Google-ի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել կազմակերպության արհեստական բանականության կիրառման ռազմավարության ղեկավար Հրաչ Աչաջյանի (Head of AI GTM) հետ։

«Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, արհեստական բանականության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները, հայկական մշակութային ժառանգության թվայնացման հնարավորությունը Google Arts&Culture-ի միջոցով, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ Google-ի փորձառությունը կարող է առավել նպաստել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը»,– ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, Google-ի միջազգային համագործակցության թիմի ներկայացուցիչ Ռավեն Բելամին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչ Գոհար Գալյանը։

Sputnik Արմենիա