Թալինում հոգևոր ծառայություն իրականացնող Տեր Թադե քահանա Թախմազյանը, ամենայն հավանականությամբ, այսօր կարգալույծ կհռչակվի։
Ըստ տեղեկությունների՝ այսօր՝ ժամը 16:00-ին, Տեր Թադե քահանա Թախմազյանը հրավիրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն՝ կարգապահական հանձնախմբի հետ հանդիպման։
Aysor.am-ի հետ զրույցում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հաստատեց, որ այսօր տեր Թադեն հրավիրվել է հանձնախմբի հետ հանդիպման․
«Հարկ եղած դեպքում արդյունքների մասին կտեղեկացվի»։
Նոյեմբերի 3-ից Տեր Թադեի ու նախկին հոգևորական Տեր Տարոնի՝ Վարդան Հունանյանի հարցը օրակարգում էր, Տեր Տարոնը նոյեմբերի 6-ին կարգալույծ հռչակվեց, իսկ Տեր Թադեի մասով որոշումն ուշանում է։
Հիշեցնենք՝ Տեր Թադե քահանա Թախմազյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, թե միանում է եկեղեցուն դեմ դուրս եկած իր քահանա ընկերոջը՝ Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին։
Տեր Թադեն նշել էր, թե, իբր, եկեղեցու ներսում եղբայրասիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն՝ անարգված։
Նա մասնակցել էր Հովհաննավանքում Ստեփան Ասատրյանի կողմից մատուցված կեղծ պատարագին, իսկ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ զեղչել էր Վեհափառ Հայրապետի անունը։
