«Մեր ձևով» շարժման համակարգող խմբի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Լևոն Սարգիզովն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման պատճառներին, խոսել նրան պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ գործընթացների, այդ թվում՝ լիցենզիայից զրկելու մասին։ Սարգիզովը պատմել է նաև «Մեր ձևով» շարժման հետագա քայլերի մասին։
Խոսելով ՀԷՑ-ի շուրջ գործընթացներից՝ Սարգիզովը նշել է Հայաստանի ազգային, այդ թվում՝ էներգետիկ անվտանգությանն սպառնացող ռիսկերի մասին։
«Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ այս գործընթացը նույնպես ունի միջազգային, արտաքին քաղաքական նպատակներ։ Չէ՞ որ տեսանք կեղծ խաղաղության օրակարգ, ինչը լրջագույն վտանգներով է սպառնում մեր ազգային անվտանգության ինստիտուտների նկատմամբ։ Այս համատեքստում խոսում եմ նաև էներգետիկ համակարգի մասին, որովհետև այսօր արդեն ասեկոսեներ կան, որ թուրքական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են վարում, կամ նախնական բանակցություններ կան, որ հետագայում ՀԷՑ-ը ձեռք բերեն»,- ընդգծել է նա։
Էներգետիկ անվտանգությանն սպառնացող վտանգներից բացի, շարժման անդամը հիշեցրել է նաև բանակին ու ՀՀ տարածքներին առնչվող խնդիրների մասին։
«Մեր ազգային անվտանգությանը լրջագույն ռիսկեր են սպառնում, և կարելի է ենթադրել, որ այդ ռիսկերը գալիս են հենց մեր արտաքին, այսպես ասած, հարևանների կողմից»,- հավելել է նա։
Սարգիզովը ՀԷՑ-ի նկատմամբ իշխանությունների գործողությունները Կարապետյանի քաղաքական հետապնդման մի մասն է համարել։ Այս համատեքստում, խոսելով այն լուրերի մասին, ըստ որոնց՝ իշխանությունը ՀԷՑ-ի հարցը որպես քաղաքական շանտաժ է օգտագործելու, Սարգիզովը շեշտել է, որ Կարապետյանի՝ կալանքի տակ գտնվելու փաստը լավագույն ապացույցն է, որ գործարարի սկզբունքներում որևիցե փոփոխություն չկա։
«Կարապետյանն իր գործողություններով ապացուցում է, որ պատրաստ է ցանկացած զրկանքի գնալ՝ իր սկզբունքներին ու նպատակներին չդավաճանելու համար»,- նշել է շարժման անդամը։
Նրա խոսքով՝ երկարաձգելով Կարապետյանի կալանքը՝ իշխանությունները շարունակում են նրա նկատմամաբ քաղաքական հետապնդումը։
«Այսօր արդար դատական համակարգ չունենք, մեր հույսն արդար դատավորների վրա է»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ՝ «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչը շեշտել է, որ ՀԷՑ-ի շուրջ գործընթացները, քաղաքական հետապնդման շարունակությունը որևիցե ձևով չեն ազդում շարժման նպատակների ու գործընթացների վրա։
«Ազդեցություն չեն թողնում, հակառակը՝ ավելի մեծ եռանդով ենք գործելու, որպեսզի այս արատավոր երևույթները չկրկնվեն ապագայում»,- նշել է նա։
Սարգիզովը հավելել է, որ պատրաստ են բոլոր ռիսկերին ու սցենարներին, որոնք կարող են իշխանությունները ստեղծել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Նա հայտնել է, որ շարժումը շարունակում է աշխատանքները՝ կուսակցություն դառնալու ճանապարհին։
