Логотип

«Օրբելի ֆորում 2025»-ին մասնակցել են Azertac լրատվամիջոցի ադրբեջանցի լրագրողներ և բանախոսներ

Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ի Օրբելի վերլուծական կենտրոնի նոյեմբերի 4-6-ը կայացած «Օրբելի ֆորում 2025»-ին մասնակցել են ոչ միայն թուրք, այլև ադրբեջանցի լրագրողներ՝ Azertac լրատվամիջոցից, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ թերթի՝ հրավերն ուղարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի կենտրոնը, իսկ Հայաստանում նրանց կեցության ծախսերը հոգացել է հրավիրող կողմը՝ ՀՀ կառավարությունը։

Թերթի տեղեկություններով՝ «Մարիոթ» հյուրանոցում, որտեղ նրանք կայանել են, նրանց անվտանգությունը խստորեն պահպանվել է, մինչև ժամանելը տարածքը սանրել են, իսկ սենյակի դռան մոտ մշտապես անվտանգության աշխատակիցներ են կանգնել։

«Օրբելի ֆորումի»՝ ադրբեջանցի լրագրողների հետ կապի պատասխանատու Դավիթ Սարգսյանը թերթին հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ ժամանել է 4 ադրբեջանցի` 2 լրագրող և 2 բանախոս։ Լրատվականը տեղեկացրել է, որ «Մարիոթ»-ում մեկ անձի կեցության 1 օրվա արժեքը 100-150 հազար դրամի սահմանում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանցի փորձագետ Ռուսիֆ Հուսեյնովը, որը Երևանում մասնակցում էր «Օրբելի ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովին, մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:

Նոյեմբերի 3-ին Ալիևը հայտարարել էր, որ հայ ժողովուրդն ու պետությունը չպետք է վախենան ադրբեջանցիների՝ «ներկայիս Հայաստան» տեղափոխվելուց: Նա նշել էր, որ «քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գյոյչա, և իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր»։

Armenia Today