Логотип

Այդ «գործարանները» աղտոտում են օդը․ Ավինյանը՝ երևանյան բակերում տերևներ վառելու մասին

Երևանում նախորդ գիշեր արձանագրվել է օդի որակի էական վատթարացում՝ պայմանավորված ՀՀ տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ենթադրում եմ, որ շատերդ նաև տեսել եք ձեր կամ կողքի բակերում ինչ-որ մեկին, որը հավաքում է տերևներն ու վառում։ Սիրելի՛ երևանցիներ, տերևների և աղբի այդ փոքրիկ «գործարանները» ուղղակի թունավորում են ձեզ, շրջակա միջավայրն ու երեխաներին։ Այս տեսակ հրդեհներն ու իրենցից արտանետված տոքսինները մոտ 3-5 անգամ ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, այն փոշին, որի դեմ ինտենսիվորեն պայքարում ենք»,- ասաց Ավինյանը։

Երևանի քաղաքապետը վստահեցրեց՝ մեկ շենքի կառուցման ամբողջ փոշին հավասար է ընդամենը մեկ բակի տերևների կույտի այրմանը։ Ավինյանն ընդգծեց՝ սա ամենևին չի նշանակում, որ կառուցապատողները պետք է շունչ քաշեն։ Նրա խոսքով՝ հատկապես ձմեռվա ամիսներին հրդեհներից առաջացած տոքսինները ժամերով մնում են օդում։

Նրա խոսքով՝ ձմեռվա ամիսներին հրդեհներից առաջացած տոքսինները ժամերով մնում են օդում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջին հրդեհ էր բռնկվել, կար 3 օջախ, որոնցից 2-ը ժամեր անց մարվել էին։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է եղել 253 փրկարարական ծառայող, պարեկներ, էկոպարեկներ, ոստիկաններ և հարակից գյուղերի բնակիչներ։ Օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, հիմնական տեխնիկա։

Sputnik Արմենիա