Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում բռնկված հրդեհը տարածվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։
Նշենք, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհը բռնկվել է նոյեմբերի 21-ին։ Եղել է 3 օջախ, սակայն դրանցից 2-ը մարվել է։
«Բռնկված հրդեհը նոյեմբերի 23-ին տարածվել է ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժիններում՝ այրելով խոտածածկ և ծառեր։ Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով շատ հատվածներում կրակի մարման աշխատանքներն իրականացվել են անհատական միջոցներով։ Որոշ տեղերում հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, բայց չոր ու քամոտ եղանակի պատճառով դեռ չի հաջողվել հրդեհը մարել»,- ասված է հաղորդագրությունում։
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են եղել ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով մարտական հաշվարկներ և ուղղաթիռ, ինչպես նաև ՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները։
Նախնական տվյալներով՝ այրվել է Գետիկի անտառպետության 1-ին, 2-րդ և 4-րդ պահաբաժինների մի մասը, հրդեհը շարունակվում է Դպրաբակի անտառպետության 6-րդ պահաբաժնի ուղղությամբ:
ՆԳՆ-ից էլ հայտնում են, որ ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 1326 փրկարարական ծառայող, 16 հիմնական և 88 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (23 չվերթ)։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Sputnik Արմենիա
