«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին քննադատել է պարտադիր զինվորական ծառայության փոփոխությունների նախագիծը՝ ընդգծելով, որ այն ներկայացվում է շտապողականությամբ և առանց անվտանգության ռիսկերի ամբողջական գնահատման։
Աբրահամյանի խոսքով՝ իշխանության ներկայացուցիչները հաճախ հղում են անում կառավարության 2021 թվականի ծրագրին, սակայն այդ ծրագրում կային կետեր, որոնք այժմ ակնհայտորեն չեն գործում․ օրինակ՝ Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՀԱՊԿ-ում կամ Արցախի հարցում հայտարարած մոտեցումները։
«Այսպիսով ծրագրին միայն հղումը չի կարող արդարացնել այսօրվա փոփոխությունները»,- ընդգծել է պատգամավորը։
Նա նաև նշել է, որ զինված ուժերի համալրման իրական վիճակը չի համապատասխանում ներկայացվող լավատեսական պատկերին։ Աբրահամյանի գնահատմամբ՝ համալրման հետ կապված վտանգները չեն չեզոքացվել, և այս պայմաններում նման փոփոխությունները կարող են խորացնել անվտանգային ռիսկերը։
Պատգամավորը հիշեցրել է, որ այս հարցը հնարավոր է քննարկել տարիներ անց՝ երբ լրացուցիչ ճգնաժամերը հաղթահարված կլինեին, իսկ համալրման մակարդակը՝ կայունացված։
Անդրադառնալով նաև քննությունների ու ատեստացիայի համակարգին՝ Աբրահամյանը նշել է, որ զինծառայողների գնահատման երկու տարբեր մեխանիզմները կարող են ստեղծել հակասություններ, իսկ միջազգային միտումները ցույց են տալիս, որ բազմաթիվ երկրներում նույնիսկ բարձր սոցիալական երաշխիքների պայմաններում համալրման խնդիրները չեն վերանում։
Ամփոփելով՝ նա հայտարարել է, որ փոփոխությունների ընթացիկ տարբերակում առկա է «ակնհայտ շտապողականություն», որն ինչպես նախընտրական, այնպես էլ անվտանգային մտահոգություններ է առաջացնում։
ABC MEDIA
