Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի անդամ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կողմ է հանդես եկել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի (տեր Արամ) կարգալույծ հռչակելուն, գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա նշել է, որ որոշ եպիսկոպոսներ, այդ թվում՝ Սարոյանը, հակաեկեղեցական կեցվածք են դրսևորել:
«Ցավալի է, բայց նրանք հավանաբար ինչ որ կոմպրոմատների ճնշման ներքո համաձայնվել են դառնալ Մայր Եկեղեցու նվիրապետական կարգի դեմ օգտագործվող ապստամբության գործիք: Այս անձինք, ցավոք, չեն գիտակցում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է, իսկ հաջորդ իշխանությունը արդարությունը վերականգնելու է, այդ թվում՝ լյուստրացիա (գաղտնազերծում) անելով: Հանրությունն ի վերջո իմանալու է, թե ինչ ամոթալի արարքները ծածկելու համար են այս բարձրաստիճան հոգևորականները եկեղեցամարտ դիրքի մեջ մտել»,- նշել է նա:
Զոհրաբյանը հարց է ուղղել եպիսկոպոսներին, թե ինչո՞ւ են հոգևոր հոր կամ հոգևոր եղբայրների հետ կապված հարցը դրել «Հայ Եկեղեցու պատմությունը կրթական ծրագրերից հանած, Եկեղեցու նկատմամբ հարկային խիստ քաղաքականություն սահմանելու մտադրություն հայտնած, իրենց հոգևոր եղբայրներին կալանավորած և եկեղեցու ներքին գործերին միջամտող իշխանության առջև»:
Մայիսից Փաշինյանը պնդում է, որ Գարեգին Երկրորդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։
Այս ամիսներին հոգևորականներ էին կալանավորվել, ինչպես նաև եկեղեցուն իր աջակցությունը հայտնած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե քանի դեռ Գարեգին Երկրորդն «այլընտրանք ունի՝ թող հեռանա»։
Armenia Today
