Լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին «Լուկօյլ Արենա» մարզադաշտում, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Սպարտակ» ՖԱ-ն։
Նիկիտա Պողոսի Սիմոնյանը մահացել է երեկ՝ նոյեմբերի 23-ին, 99 տարեկան հասակում։
Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ի առավոտյան՝ Տրիֆոնովսկայա փողոցի հայկական եկեղեցում, լեգենդար ֆուտբոլիստին կհուղարկավորեն Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։
Նիկիտա Սիմոնյանն ամբողջ կյանքում նվիրված է եղել մեկ ակումբի. «Եղել եմ, կամ և կմեռնեմ «Սպարտակ»-ի համազգեստով»։
«Սպարտակ»-ի հետ նա չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ որպես խաղացող, և երկու անգամ՝ որպես թիմի գլխավոր մարզիչ։ Բացի այդ, Սիմոնյանը 1956 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հաղթող է եղել ԽՍՀՄ հավաքականի կազմում։ Մինչ օրս նա համարվում է կարմիր-սպիտակների պատմության լավագույն ռմբարկուն։ Մոսկվայի թիմի կազմում նա դարձել է 160 գոլի հեղինակ:
Alpha News
