Логотип

Փաստաբան․ Քաղբանտարկյալ Լիդյայի կարգավիճակով փորձում են վախեցնել կանանց

«Սրբազան պայքարի» գործով անցնող միակ կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին նկատի ուներ, երբ դատական վերջին նիստում հայտարարեց, որ իր կալանքը ևս երեք ամսով երկարաձգելու որոշումը պատժի ձև է, իրեն պատժում են, որ որոշ պաշտոնյաների մասին տեղեկատվություն է իր միջոցով հայտնի դարձել: Այդ մասին Aysor.am-ին հայտնեց Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ շեշտելով, որ այլ պաշտոնյաների վերաբերյալ տեղեկություն չունի:

«Խոսքը վերաբերում է Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված հայտնի տեսանյութին, երբ «Չեմ վստահում» ակցիայի շրջանակներում հարձակվել էր ակցիան իրականացնողների ուղղությամբ: Լիդյան արձագանքել էր, և այդ տեսանյութը շատ լայն տարածում էր գտել: Այո՛, Լիդյան մտածում է՝ այս ապօրինի պատիժը դրա համար է»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ այդ հայտնի տեսանյութում Վահագն Ալեքսյանի մայրը «համաշխարհային լրբեր» էր անվանում Լիդյային և ակցիայի մասնակից երիտասարդներին, Լիդյան էլ հակադարձում էր, թե երբ կասի՝ որդու հայրն ով է, այդ ժամանակ նոր թող իրեն «լիրբ» ասի:

Փաստաբանը Լիդյա Մանթաշյանի՝ անազատության մեջ մնալու խորքային այլ պատճառներ է տեսնում.

«Լիդյան հիմա միակ կին քաղբանատարկյալն է, նրա այս կարգավիճակով փորձում են ահաբեկել հանրությանը: Ինչքան ընտրությունները մոտենան, այս ապարատը ավելի ռեպրեսիվ է դառնալու, այս ցինիզմը, տարբերակված մոտեցումը օգտագործում են առանձնահատուկ վախեցնելու մեր բնակչության մեծամասնություն կազմող կանանց, որ չափազանց զգուշավոր լինեն քաղաքական գործունեություն ծավալելիս»: