Մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ դատախազություն հաղորդում են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ նրան մեղադրելով քաղաքական ընդդիմախոսներին հետապնդելու և Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանությունները նախաձեռնել են գործողություններ, որոնք գնահատում են որպես ճնշում քաղաքական ընդդիմախոսների և անհամաձայնություն արտահայտող կազմակերպությունների նկատմամբ. ճնշումները հիմնականում ուղղված են Հայ առաքելական եկեղեցու, կաթողիկոսի, մի շարք բարձրաստիճան հոգևորականների և նրանց հարազատների, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի և եկեղեցուն սատարած այլ գործիչների դեմ։
«Հայաստանի իշխանությունները, խախտելով Սահմանադրության և օրենքների պահանջները, կոպտորեն ոտնահարում են մեր ազգային կրոնական կազմակերպության ինքնակառավարման սկզբունքը, նրա սեփականության իրավունքները, իշխանական լիազորությունների չարաշահմամբ և ինքնիրավչությամբ միջամտում նրա ներկազմակերպական գործերին, խախտում մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքը»,- նշված է հաղորդման տեքստում։
Հաղորդում ներկայացրած գործիչները պնդում են, որ Փաշինյանն անձնական պատասխանատվություն է կրում նշված խախտումների համար, քանի որ հենց նա է «ղեկավարում, կազմակերպում, հրահանգում և իրագործում է վերոնշյալ հանցագործությունները»։
Նրանք դատախազությանը կոչ են անում միջոցներ ձեռնարկել Սահմանադրության և օրենսդրության շրջանակում՝ քրեական պատասխանատվության կանչելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա բոլոր հանցակիցներին։
Փաստաթղթում ներկայացված են նաև Փաշինյանի և թիմակիցների գործողությունները փաստող դրվագների մանրամասն նկարագրություններ, որոնք հեղինակները գնահատում են որպես խախտումներ։
Sputnik Արմենիա
