Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դատական հայց է ներկայացրել Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և ՀՀ ֆինանսների նախարարության դեմ, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։
Ղուկասյանը պահանջել է հրապարակայնորեն հերքել իրեն առնչվող տեղեկությունները՝ դրանք համարելով զրպարտություն։ Նա նաև պահանջել է հոգուտ իրեն բռնագանձել 1 մլն դրամի փոխհատուցում։ Զրպարտության ոչ նյութական վնասի փոխհատուցման համար նա պահանջել է 500 հազար դրամ, մյուս 500 հազարը՝ իր արդար դատաքննության իրավունքի, անմեղության կանխավարկածի խախտման վերաբերյալ փաստը հաստատելու և պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հիմքով։
Հոկտեմբերի 20-ին Ռուբինյանը 2 գրառում էր արել՝ որտեղ Ղուկասյանին «կոռուպցիոն սրիկա» և «կաշառակեր» էր անվանել։ Ավելի ուշ ԱԺ-ում նա վերահաստատել էր իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ «կաշառակեր սրիկաները պետք է նստեն»։
Ռուբինյանի գրառումներից առաջ՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, այնուհետև կաշառք պահանջելու մեղադրանքով ձերբակալել համայնքի 8 պաշտոնյայի, այդ թվում՝ Ղուկասյանին, որին դատարանը 2 ամսով կալանավորել էր հոկտեմբերի 21-ի առավոտյան։
Հոկտեմբերի 26-ին Ղուկասյանին երկրորդ մեղադրանքն էր առաջադրվել Հայաստանի «ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերի» համար։ Նոյեմբերին նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել խուլիգանության հատկանիշներով։
Armenia Today
