Թայվանի գործադիր իշխանության ղեկավար Չժո Ժունթայը հայտարարել է, որ կղզին ինքնիշխան պետություն է, մայրցամաքային Չինաստանի հետ վերամիավորման տարբերակը չի դիտարկվում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Նոյեմբերի 24-ին հեռախոսազրույց է կայացել Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի միջև: ՉԺՀ նախագահն ընդգծել է, որ Թայվանը Չինաստանին վերադարձնելը հետպատերազմական աշխարհակարգի կարևոր մասն է: ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը հասկանում է Թայվանի հարցի կարևորությունը Չինաստանի համար:
«Թայվանի Չինական Հանրապետությունը լիովին ինքնիշխան և անկախ պետություն է, վերամիավորման տարբերակ չկա»,- լրագրողներին ասել է Չժո Ժունթայը:
Նա հավելել է, որ Թայվանը առաջնային նշանակություն ունի խաղաղության համար՝ տարածաշրջանային անվտանգության, տեխնոլոգիական և տնտեսական զարգացման տեսանկյունից, ուստի կղզին պետք է ամրապնդի ինքնապաշտպանության իր ներուժը:
Պեկինը համարում է, որ Թայվանը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է, իսկ «մեկ Չինաստանի» սկզբունքի պահպանումը պարտադիր պայման է համարում մյուս պետությունների համար, որոնք ցանկանում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել կամ պահպանել ՉԺՀ-ի հետ:
Չինաստանի կենտրոնական կառավարության և Թայվանի միջև պաշտոնական հարաբերություններն ընդհատվեցին 1949-ին, երբ Չինաստանի Կոմկուսի հետ քաղաքացիական պատերազմում պարտված Գոմինդանի ուժերը՝ Չիանգ Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Թայվան։ Գործարար և ոչ պաշտոնական շփումները վերսկսվեցին 1980-ականների վերջին: 1990-ականների սկզբից կողմերը սկսեցին կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով։
Sputnik Արմենիա
