Логотип

ՉԻՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋ ՄՂԱԾ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՏՎՈՒՄ Է ՉԻՆԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Հայաստանի կողմից ներկայումս իրականացվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը հատվում է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ։ Այս մասին նոյեմբերի 25-ին «Հայաստան-Չինաստան ռազմավարական գործընկերության զարգացման ենթատեքստերն ու հեռանկարները» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի բաժնի պետ Չժան Նինը։

Ըստ նրա, վերջինս, ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպությունը համագործակցության մեծ հնարավորություններ են ընձեռում։ Դրա հիման վրա նա համոզմունք է հայտնել, որ Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը շատ մեծ հեռանկարներ ունի։

Չինացի փորձագետը հավելել է, որ միջազգային կարգի ճգնաժամը և ուժերի վերաբաշխումը հանգեցրել են Հարավային Կովկասի համար գլոբալ և տարածաշրջանային դերակատարների միջև մրցակցության նոր փուլի, և այս ֆոնին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի աշխարհագրական դիրքը նրանց դարձնում է ոչ միայն արևելյան ու արևմտյան քաղաքակրթությունները կապող կամուրջ, այլև առանցքային կենտրոն՝ համաշխարհային խոշորագույն խաղացողների ռազմավարական հավակնությունների իրականացման համար։

Ըստ նրա գնահատականի,՝ դա ստիպում է Հարավային Կովկասի երկրներին ավելի պրագմատիկ դիրքորոշում որդեգրել՝ ձգտելով ուժեղացնել իրենց քաղաքական կշիռը։ Նա հիշեցրել է, որ Եվրասիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի խաչմերուկում գտնվող Հարավային Կովկասի երկրները բազմիցս ներքաշվել են արտաքին ազդեցության ուղեծիր։

Չինացի փորձագետը նկատել է, որ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աստիճանական թուլացումը ձևավորել է ազդեցության վակուում, ինչը հանգեցրել է Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրոպական միության ակտիվ միջամտությանը։

Արևմուտքի ընդհանուր նպատակներից մեկը խոշորագույն տերությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի զսպումն է՝ Եվրասիայում նրանց քաղաքական կապերի թուլացումը։ «Սակայն, թե որքանով է այդ ռազմավարությունը համապատասխանում Հարավային Կովկասի երկրների իրական շահերին, մնում է մեծ հարցականի տակ։ Հնարավոր է՝ հենց այդ պատճառով են Հարավային Կովկասի երկրները սկսել այլընտրանքներ փնտրել։ Չինաստանը, որը հավատարիմ է ներքին գործերին չմիջամտելու և հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքներին, դիտարկվում է որպես իդեալական գործընկեր, որը կարող է ապահովել ռազմավարական հավասարակշռությունը տարածաշրջանում»,- ընդգծել է նա։

Չինացի փորձագետը հավելել է, որ Չինաստանի համար Հարավային Կովկասում անվտանգային ռազմավարությունը դեռ նոր է սկսում ձևավորվել, և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում ձեռնարկվող բոլոր միջոցառումները կարելի է դիտարկել որպես Չինաստանի «փափուկ ուժի» դրսևորում։ «Չինաստանն առաջարկում է աջակցություն տարածաշրջանի ներքին հակամարտությունների միջազգային կարգավորմանը, սակայն խուսափում է ուղղակի միջամտությունից։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեկնարկը կարող է բարձրացնել անդրսահմանային առևտրի ակտիվությունը՝ հաշվի առնելով, որ տնտեսության մասշտաբների աճին զուգընթաց՝ օրեցօր մեծանում է տնտեսական անվտանգության ապահովման կարևորությունը։ Անվտանգությունն ու զարգացումը անբաժանելի են։ Եվ տնտեսական անվտանգությունը դարձել է ռազմավարական առաջնահերթություն՝ ռազմական անվտանգությանը հավասար։ Այս ֆոնին Չինաստանի համար գնալով ավելի է կարևորվում տնտեսական համագործակցության զարգացումը Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ։ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունները շեշտադրում են փոխկապակցվածությունն ու խաղաղ զարգացումը»,- նշել է նա։

Ըստ նրա համոզման, Չինաստանի հետ համագործակցության ամրապնդումը Հայաստանի համար ոչ միայն բացում է տնտեսական զարգացման հնարավորություններ, այլև ավելի բազմազան և հավասարակշռված հնարավորություններ է ներկայացնում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։

Ըստ նրա գնահատականի, ներկայումս Չինաստանի և Հայաստանի համագործակցային հարաբերությունները կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ քաղաքական փոխվստահության բարձր մակարդակ, ուժեղ տնտեսական փոխլրացում, արդյունավետ համակարգում բազմակողմ հարաբերությունների շրջանակում, տարբեր ոլորտներում պրագմատիկ համագործակցության դրական առաջընթաց, որը վերջին տարիներին ցուցադրում է հսկայական ներուժ։

«Չնայած այս տարվա առաջին յոթ ամիսներին երկկողմ առևտրի ծավալի տատանումներին, Չինաստանը, միևնույն է, մնում է Հայաստանի՝ առևտրի ծավալով երկրորդ գործընկերը։ Այս տարվա օգոստոսին Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները պաշտոնապես բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Սա նշանակում է նոր փուլ երկկողմ հարաբերություններում, ինչն արտացոլում է փոփոխվող աշխարհում երկու երկրների կատարած ռազմավարական ընտրությունը։ Սա ոչ միայն զարգացնում է հին քաղաքակրթությունների միջև երկկողմ դիվանագիտությունը, այլև վառ օրինակ է, որը ձևավորում է համագործակցության ցանցեր ողջ Եվրասիայում»,- պարզաբանել է չինացի փորձագետը։

Նա կրկնել է, որ Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կրում է դրական, պրագմատիկ և խոստումնալից բնույթ՝ համապատասխանելով երկու ժողովուրդների հիմնարար շահերին, ինչը հիմք է ստեղծում համագործակցության խորացման համար։

«Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում և լինելով Կասպից ու Սև ծովերը միացնող կարևորագույն միջանցք՝ Հայաստանը կապերի զարգացման եվրասիական նախաձեռնությունների համար ներուժ ունի։ Հայաստանը հաջողություններ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում։ Միևնույն ժամանակ, Չինաստանն առավելություններ ունի կապիտալի, տեխնոլոգիաների և շուկայի ոլորտում»,- եզրափակել է Չժան Նինը։

News.am