ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագրի հրապարակված տեքստում շարունակում են ճշգրտումներ արվել։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտնել էր ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի նախապատրաստման մասին՝ ընդգծելով, որ դրա մանրամասները դեռ չեն բացահայտվում, քանի որ աշխատանքները շարունակվում են: Կրեմլում հաստատել էին, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բանակցությունների համար և մնում է Անքորիջում քննարկումների հարթակում:
Պեսկովի խոսքով՝ փաստաթղթի այն տարբերակը, որն ավելի վաղ ոչ պաշտոնապես հայտնվել էր ռուսական կողմի մոտ, «արդեն փոփոխությունների է ենթարկվել»: Նա նաև նշել է, որ Թրամփի նախագծի շուրջ աշխատանքներն այժմ ընթանում են ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև:
Պատասխանելով Մոսկվայի հետագա գործողությունների մասին հարցերին՝ Պեսկովը հայտարարել է, որ ժամանակի ընթացքում Ռուսաստանը առարկայական կզբաղվի ամերիկյան առաջարկների վերլուծությամբ:
«Հերթը կգա, և մենք առարկայական կերպով կզբաղվենք դրանով»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը:
Նա հաստատել է, որ ռուսական կողմը նախկինի պես Թրամփի նախագիծը բանակցությունների համար հնարավոր լավ հիմք է համարում:
«Հիմա միակ բանը, որ սուբստանտիվ գոյություն ունի, ամերիկյան նախագիծն է, Թրամփի նախագիծը»,-ասել է Պեսկովը:
Մեկնաբանելով Ռուսաստանի հետ ԱՄՆ շփումների մասին հրապարակումները, այդ թվում՝ ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլի հնարավոր հանդիպումը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ պաշտոնական տեղեկատվություն Մոսկվան չունի, միայն նշել է, որ Կրեմլում «հետևում են ԶԼՄ-ների հաղորդագրություններին»: Նա նաև հերքել է, որ Մոսկվան ստացել է 19 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նորացված տարբերակը. «Ոչ։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե ինչի մասին է խոսքը»։
Պեսկովը մատնանշել է ԱՄՆ-ի ծրագրի մասին հակասական հաղորդագրությունների առատությունը՝ իրավիճակը բնութագրելով որպես «տեղեկատվական վակխանալիա»: Այս առնչությամբ նա ընդգծել է, որ Ռուսաստանին պաշտոնական տվյալներ են անհրաժեշտ։
«Մենք սպասում ենք, թե երբ ամերիկյան կողմը մեզ հետ կկիսվի շփումներով, նախընտրելի է, իհարկե, պաշտոնապես»,-ասել է նա:
Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ Մոսկվան ստացել է ամերիկյան ծրագրի ընդամենը նախնական տարբերակը, որը պատրաստվել է՝ հաշվի առնելով «Անքորիջում ավելի վաղ ձեռք բերված ըմբռնումները»: Նրա խոսքով՝ «այն շատ առումներով համապատասխանում է Անքորիջի ոգուն», սակայն փաստաթղթի առարկայական համաձայնեցում չի եղել։
Պեսկովը նաև հիշեցրել է, որ Ստամբուլում բանակցություններն ընդհատվել են ոչ Մոսկվայի նախաձեռնությամբ:
«Այս բանակցային գործընթացն ընդհատել են Կիևի ռեժիմի ներկայացուցիչները»,-ասել է նա:
Չնայած դրան, Ռուսաստանը, նրա խոսքով, շարունակում է բաց մնալ հետագա քննարկումների համար։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 21-ին ՌԴ անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ ԱՄՆ-ի ծրագիրը կարող է վերջնական կարգավորման հիմք դառնալ, բայց դրա տեքստը տվյալ պահին առարկայական չի քննարկվում ՌԴ-ի հետ: Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմին հավանաբար չի հաջողվում ստանալ Կիևի համաձայնությունը, քանի որ Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները մինչև հիմա պատրանքների մեջ են և երազում են Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնել մարտի դաշտում, մինչդեռ նրանց այդ դիրքորոշումը կապված է մարտադաշտում տիրող իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկությունների բացակայության հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վլադիմիր Զելենսկին հաջորդ շաբաթ կարող է մեկնել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որպեսզի համաձայնեցնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը, սակայն այցի հստակ ծրագրեր չկան. Զելենսկու այցը կախված կլինի Ժնևում բանակցությունների արդյունքից:
Sputnik Արմենիա
