Логотип

Ուզում ենք պարզել` ով է կեղծել տեսանյութը. փաստաբանը` Արշակ սրբազանի գործի մասին

ՀՀ իշխանության նպատակն է` ամեն կերպ հիմնավորել, որ տարածված տեսանյութերը կապ ունեն Արշակ սրբազանի հետ, մինչդեռ փաստաբանական թիմն ուզում է քննությունը տանել ճիշտ ուղղությամբ և պարզել` ով է կեղծել տեսանյութը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Հայտնել էինք, որ «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:

Փաստաբան Բաբայանն այն համոզմանն է, որ իշխանության նախաձեռնած այս գործընթացին ամեն կերպ փորձում է աջակցել ՀՀ քննչական կոմիտեն։

«Քննչական մարմինը, կատարելով քաղաքական իշխանության պատվերը, հենց այդ ուղղությամբ է իրականացնում քննությունը` ապացուցելու համար, թե տեսագրություններն իրական են։ Փորձ է արվում քննությունն իրականացնել իրենց հարմար ուղղությամբ, իսկ մենք առաջարկել ենք այն իրականացնել ճիշտ ուղղությամբ»,– ընդգծեց փաստաբանը։

Բաբայանը նշեց, որ, մասնավորապես, պետք է պարզել, թե ում կողմից է կեղծվել և տարածվել տեսագրությունը և դրանով իսկ Արշակ սրբազանի նկատմամբ տարածվել ատելություն, թշնամանք, որը ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարք է։

Նրա խոսքով` քննչական մարմնի վարկածն այն է, որ Արշակ սրբազանի անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտվել է, մինչդեռ Արշակ սրբազանն իր հրապարակային խոսքում, ապա նաև ցուցմունքում պնդել է, որ էդ տեսագրության բովանդակությունն իր հետ առնչություն չունի, հետևաբար, իր անձնական կյանքի գաղտնիության խախտում, որպես այդպիսին, չէր կարող տեղի ունենալ։

«Այլ հարց է, որ տեղի է ունեցել մեկ այլ արարք Արշակ սրբազանի դեմ։ Դա, մեր գնահատմամբ, Արշակ սրբազանի և եկեղեցու նկատմամբ թշնամանքի և ատելության տարածումն է։ Հորդորել ենք քննչական մարմնին, որպեսզի այս ուղղությամբ իրականացնի քննություն։ Իրականացնում են, թե չէ, մենք տեղեկություններ չունենք»,– ընդգծեց փաստաբանը։

Արսեն Բաբայանը նշեց, որ սրբազանին առնչվող տարբեր գործեր կան, որոնց մասով նոր զարգացումների մասին այս պահին իրենք տեղյակ չեն` հաշվի առնելով նաև այն, որ Արշակ սրբազանին նոր հարցաքննությունների չեն հրավիրել։

Նա տեղեկացրեց, որ տեսանյութի վերաբերյալ գործից բացի, մյուս երկու գործերը վերաբերում են Արշակ սրբազանի կողմից ենթադրյալ հանցավոր արարքներ կատարելուն, Արշակ սրբազանը հրաժարվել է համագործակցել քննչական մարմինների հետ, այսինքն` օգտվելով իր իրավունքից` ցուցմունք չի տվել։