ՀՀ կառավարությունը կքննարկի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն և՛ կոնցեսիոն կառավարման հանձնելու, և՛ այն կրկին մասնավորեցնելու հնարավորությունները։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
Փաշինյանը նշել է, որ առաջին տարբերակը, այնուամենայնիվ, ավելի նախընտրելի կլինի, ուստի մասնավոր ներդրողին կհրավիրեն միայն այն դեպքում, եթե ոչ ոք չհամաձայնի կոնցեսիոն կառավարմանը։
«Ամեն դեպքում ընտրությունը պետք է կատարել միջազգային մրցութային ընթացակարգի հիման վրա։ Պետք է նաև քննարկել ընկերության օբյեկտիվ արժեքը, քանի որ ենթադրաբար լիցենզիայից զրկվելուց հետո այն նվազել է»,– նշել է նա։
Պետրոսյանը, անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու թեմային, նոր մեղադրանքներ է հղել ընկերության հասցեին։
«ՀԷՑ–ում շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էներգիան էր թերգրանցվում, այսինքն` ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկում և վճարում էին պետական բյուջե։ Պետական և համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ էին կազմում, որոնց վրա հավելագրումներ էին տեղի ունենում։ Հավելագրումների ծավալը անցնում է մի քանի միլիոն կՎտժ–ը»,– ասել է ընկերության ժամանակավոր կառավարիչը։
Նրա խոսքով՝ այս հարցով մեկուկես տասնյակից ավելի քրեական վարույթներ են նախաձեռնվել։
Պետրոսյանի կարծիքով` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պետք է հանրային հասանելիություն ու երաշխիքներ տրվեն բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից ձևավորված համակարգում հավաքագրված ամբողջ ինֆորմացիաների վերաբերյալ։
Ըստ նրա` 2025 թ. հունվարի սկզբին` ՀԷՑ–ի պատասխանատուները նկատել են, որ այդ համակարգի տվյալները չեն արխիվացվում։ Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ–ը երբեք չի ունեցել ներքին ստորաբաժանում, որը կիրականացներ շուրջ 700 հազար սպառողների հաշվիչների սպասարկումը, և այդ պատճառով գործառույթն իրականացվել է ռուսաստանյան մի շարք ընկերությունների կողմից։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչի խոսքով` այդ ընկերությունները կա՛մ ուղղակիորեն մաս են կազմում «Տաշիր» ընկերությունների խմբին, կա՛մ արտապատվիրակված են եղել։
«Տվյալների այս համակարգ 40–ից ավելի «դոստուպ» ունեցող անձանց կամ ինչ–որ խմբի կողմից կանխամտածված կամ ցածր կոմպետենտության արդյունքում հունվարի սկզբին, որպեսզի սերվերի վրա լրացուցիչ տեղեր ազատվեն ու կարողանան ամբողջ տեղեկությունն արխիվացնել, չգիտեմ` ինչ գործողության արդյունքում, դա ուսումնասիրվում է այս պահին ու քրեական վարույթ կա, ջնջվել է 2018–2024 թթ. նոյեմբեր ընկած ժամանակահատվածի ամբողջ բազան»,– հայտարարել է նա` նորից անդրադառնալով տվյալների անհետացման վերաբերյալ նախկինում իր արած հայտարարությանը։
Փաշինյանը հետաքրքրվել է` հնարավո՞ր է, որ այդ ջնջված բազայի մեջ նաև հավելագրումների մասին տվյալներ էլ լինեին, Պետրոսյանը պատասխանել է. «Այո՛, հնարավոր է»։
Նա հայտարարել է, որ ՀԷՑ–ի այդ ժամանակվա կառավարիչների կողմից դա թաքցվել է և չի ներկայացվել ո՛չ իրավապահներին, ո՛չ էլ ՀԾԿՀ–ին։
«Դա արդեն իսկ լրջագույն խախտում է, թեև ՀԷՑ–ում ծառայողական քննություն նշանակվել է, որոշակի մեղավոր շրջանակ են դուրս բերել։ Այդ բոլոր փաստաթղթերը ՀԷՑ–ում խնամքով պահվել են, սակայն ՀԾԿՀ ներկայացվող հաշվետվություններում չեն արտացոլվել։ Սա նաև լիցենզիայից բխող պահանջ էր»,– ասել է Պետրոսյանը` ավելացնելով, որ սա 6 կարևորագույն կետերից է, որի հիման վրա ՀԷՑ–ը զրկվեց լիցենզիայից։
Փաշինյանի կարծիքով` եթե այդ խնդրի հետևից ՀԷՑ կառավարիչները ժամանակին մինչև վերջ չեն գնացել, ուրեմն նշանակում է` ինչ–որ բան թաքցրել են։
Փաշինյան—Պետրոսյան զրույցին արձագանքել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ–ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։
Այս զրույցին ԿԵՏ ԱՌ ԿԵՏ կանդրադառնանք քիչ հետո: Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու ինչ խոսք լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ»,–գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Sputnik Արմենիա
