Ռուսաստանին պաշտոնապես չեն փոխանցել ուկրաինական կարգավորման` Թրամփի ծրագիրը, սակայն մենք պատրաստ ենք քննարկել կոնկրետ ձևակերպումներ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բելառուսի իր գործընկեր Մաքսիմ Ռիժենկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք այն ունենք, բայց ոչ պաշտոնական խողովակներով։ Պաշտոնապես մեզ չեն փոխանցել, բայց մենք պատրաստ ենք, ինչպես նախագահն է ասել, քննարկել կոնկրետ ձևակերպումներ, քանի որ այնտեղ մի շարք հարցեր պարզաբանման կարիք ունեն։ Առայժմ մենք ամերիկացի գործընկերներից չենք ստացել այն տարբերակը, որը շահարկում են ԶԼՄ-ները», – ասել է Լավրովը։
Նախարարը միևնույն ժամանակ նշել է, որ նրանք, ովքեր փորձում են ղեկավարել Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ ծրագրի շուրջ աղմուկը, ցանկանում են տապալել ԱՄՆ նախագահի ջանքերը և նրա պլանը վերափոխել ըստ իրենց հայեցողության:
«Նրանք, ովքեր փորձում են հասկանալ ծրագրում ներկայացված փաստաթղթերը, նախ` հատուկ են «արտահոսք» կազմակերպել՝ մեդիա տիրույթում այդ աղմուկը մեծացնելու նպատակով, իսկ այդ աղմուկը ղեկավարողները, իհարկե, առանձնապես չեն թաքցնում, որ ցանկանում են տապալել Դոնալդ Թրամփի ջանքերը, նրանք ցանկանում են վերամշակել այս ծրագիրը իրենց ձևով»,-ասել է Լավրովը։
Մոսկվան, իր հերթին, Վաշինգտոնին չի շտապեցնում բանակցություններ վարել ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ։ Անքորիջում նախագահների հանդիպումից հետո Ռուսաստանը շատ երկար է սպասել՝ հիշեցնելով, որ հավատարիմ է ձեռք բերված ըմբռնումներին։
«… Եվ լավ է, որ նրանք վերջապես, առաջ քաշելով իրենց նախաձեռնությունը՝ Դոնալդ Թրամփի ծրագիրը, հաստատեցին Անքորիջի ընկալումներին հավատարմությունը: Թե որքանով են պաշտպանելու իրենց այդ դիրքորոշումը և որքանով են հակազդելու իրենց ճիշտ ուղուց շեղելու փորձերին՝ մենք առայժմ չգիտենք», – հավելել է ԱԳ նախարարը։
Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ն տեղյակ կպահի Ուկրաինայի և եվրոպական ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքների մասին, նաև հաշվարկում է, որ դա տեղի կունենա տեսանելի ապագայում:
«Ակնկալում ենք, որ երբ ԱՄՆ-ն ավարտված համարի ուկրաինական ռեժիմի և եվրոպացիների հետ իր խորհրդակցությունները՝ մեզ կտեղեկացնի», – ասել է նա:
Նախարարը միաժամանակ հավելել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիայի և Գերմանիայի որևէ միջնորդության մասին խոսք լինել չի կարող: Ուկրաինայի վերաբերյալ իր գործողություններում՝ սկսած 2014 թվականից, Եվրոպան «ձախողել է բոլոր առումներով»։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին՝ նշելով, որ դրա մանրամասները դեռ չեն քննարկվելու, քանի որ աշխատանքը դեռ շարունակվում է: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և մնում է Անքորիջում քննարկումների հարթակում:
Sputnik Արմենիա
