Логотип

Թրամփը հատուկ բանագնացին ուղարկում է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար: Նա որոշման մասին հայտնել է Truth Social սոցիալական հարթակում, հայտնել է РБК-ն:

«Ես իմ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին հանձնարարել եմ Մոսկվայում հանդիպել նախագահ Պուտինի հետ, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ»,- հայտարարել է Թրամփը:

Ամերիկացի առաջնորդը հավելել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների 28 կետից բաղկացած նախնական ծրագիրը վերջնականապես մշակվել է, և մնացել են միայն տարաձայնություն առաջացրած մի քանի հարցեր:

Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:

«Ես անհամբեր սպասում եմ մոտակա ժամանակներում նախագահ Զելենսկու և նախագահ Պուտինի հետ հանդիպմանը, բայց ՄԻԱՅՆ այն դեպքում, երբ այս պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը վերջնական լինի կամ գտնվի վերջնական փուլում: Հուսով եմ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈՒՏ կհատատվի»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:

News.am