Логотип

Հրդեհը «Լեռնային Հայաստան» առողջարան չի հասել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհն այսօր` ժամը 10։30–ին մեկուսացվել է: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։ Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։ Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք, աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Հիշեցնենք, որ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում նոյեմբերի 21-ից խոշոր հրդեհներ են բռնկվել, ավելի ուշ հայտնի դարձավ, որ հրդեհներ են բռնկվել նաև այլ մարզերում։ ՆԳՆ–ն նոյեմբերի 25-ին հայտնեց, որ ՀՀ 6 մարզերի տարբեր հատվածներում բռնկված հրդեհների մարման աշխատանքներում ներգրավված են 1830 փրկարար, 10 ոստիկան, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա, ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։

Sputnik Արմենիա