Նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են, հայտնում է Փրկարար ծառայությունը։
«Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։
Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է։
Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։
Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
«Մամուլում տեղեկութուններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն: Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն», – նշվում է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։
Նովոստի–Արմենիա
