Логотип

Փոխնախարար. ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ ԱԳՆ-ի օրակարգում չկա

ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց ՀՀ արտաքին գործերի նախարարության օրակարգում չկա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

«Մեր առջև նման խնդիր դեռ չի դրվել։ Եթե լինեն այդպիսի զարգացումներ, կտեղեկացնենք»,- ասաց նա։

Սաֆարյանը հավելեց` ՀԱՊԿ-ի հետ կապված մասնակցության ձևաչափը հայտարարվել է․ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովներին, բայց և չի խոչընդոտում որոշումների, փաստաթղթերի ընդունմանը։ Նոյեմբերի 27-ին Ղրղզստանում նախատեսված գագաթնաժողովին Հայաստանը կրկին չի մասնակցելու, միաժամանակ արդեն իր համաձայնությունն է հայտնել այնտեղ քննարկվող և ընդունվող փաստաթղթերի վերաբերյալ։

«Այս փուլում մեր քաղաքականությունն այդպիսին է։ Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունն իր շահերի հիման վրա ըստ ձևավորվող իրավիճակի, և հայտարարվել է Հայաստանի և՛ դիվերսիֆիկացման, և՛ բալանսավորելու քաղաքականության մասին։ Հայաստանն ընդունում է որոշումներ, և եթե հավելյալ տեղեկատվություն լինի, կտեղեկացնենք»,-ասաց Սաֆարյանը։

Sputnik Արմենիա