Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը համաձայնել է մասնակցել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնած լսումներին, որոնց շրջանակում քննարկվել է «Մարտի 1-ի» գործը, բայց խուսափել է մասնակցել քաղբանտարկյալներին վերաբերող քննարկումներին։
Այս մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ նա հրաժարվել է մասնակցել քննարկումներին՝ ուժեղ և հիմնավորված հակափաստարկների բացակայության պատճառով։ Ինչպես նաև «չունենալով պատասխաններ մի շարք ապօրինությունների, որոնք իրականացվում են շատ հաճախ կամ դատախազության անմիջական նախաձեռնությամբ, կամ դատախազության մասնակցությամբ»,- ասել է Սաղաթելյանը։ Ընդ որում, նա «Մարտի 1-ի» գործի քննարկումը բնութագրել է որպես նախապես ծրագրված քաղաքական շոու։
Պատգամավորը նաև հայտնել է, որ իրենք քննարկմանը հրավիրել են Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև տարբեր միջազգային կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին։ «Բոլոր նրանք ովքեր մասնակցում են շնորհակալ ենք, բայց այստեղ ևս պետք է արձանագրենք, որ մեր միջազգային գործընկերներից շատերը նախընտրեցին ներկա չլինել այս դահլիճում և չլսել ու մոտիկից չծանոթանալ Հայաստանում ժողովդրավարության իրական վիճակի մասին։ Ամեն դեպքում մենք կգտնենք արդյունավետ ձևաչափեր այս քննարկման արդյունքները ամփոփելու և միջազգային կազմակերպություններին ու մեր գործընկերներին ներկայացնելու համար»,- ընդգծել է ընդդիմադիրը։
News.am
