Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովը խստորեն դատապարտել է Սուրբ պատարագի արարողության ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունները միտումնավոր չհիշատակելը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Գարեգին Երկրորդի նախագահությամբ ժողովը կայացել է նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Քննարկվել է վերջին շրջանում առանձին հոգևորականների կողմից Սուրբ Պատարագի արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակության միտումնավոր զեղչման խնդիրը:
Եպիսկոպոսաց դասն արձանագրել է, որ այդ երևույթը եկեղեցաբանական տեսանկյունից հակականոնական է և կարող է հանգեցնել պառակտման։
Ժողովի ընթացքում ընդգծվել է, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական պահվածքը սահմանված կարգով։
Կարևորվել է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանությունը՝ հանուն Հայ առաքելական եկեղեցու անսասանության և առավել զորացման։
Հիշեցնենք` նոյեմբերի 16-ին Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հովհաննես քահանա Մաթևոսյանը պատարագի ժամանակ չէր հնչեցրել վեհափառի անունը, ինչն արվում է անունների հիշատակությունների ժամանակ։
Sputnik Արմենիա
