Логотип

ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ԱՆԱՐԴԱՐ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՏՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լեռնային Ղարաբաղից փախստականների վերադարձի հետ կապված Եվրանեսթի բանաձևի տեքստում ունեինք փոփոխություն, ըստ որի՝հայկական ընդդիմությունը խնդրում էր ապահովել նրանց միջազգային պաշտպանությունը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Գերմանիան ներկայացնող Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Սիփերը, ով հոկտեմբերի վերջին մասնակցել է Երևանում կայացած Եվրանեսթի նիստին։

«Դա մեկնաբանվել է որպես «միջազգային ռազմական պաշտպանություն»։ Եվ եթե այն չներառվեր տեքստում, եթե պարզապես ասվեր «վերադարձ», այլ ոչ թե «միջազգային պաշտպանության ներքո վերադարձ», ապա, կարծում եմ, կընդունվեր։ Այս իրավիճակում Եվրախորհրդարանն, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները մեծամասամբ հետևեցին Հայաստանի իշխող կուսակցության առաջարկությանը՝ չընդունել այդ ուղղումը, քանի որ այն սպառնալիք կներկայացներ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի համար:

Եվ կարծում եմ՝ այստեղ կարևորն այն է, որ բոլորս ունենք ընդհանուր նպատակ, որպեսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց տները։ Հարցն այն է, թե ինչ քաղաքական հանգամանքներում և երբ։ Ուստի ինձ համար սա շատ բարդ որոշում էր, քանի որ կարծում եմ՝ բոլոր մարդիկ ոչ միայն միջազգային իրավունքի, այլև բարոյական տեսանկյունից տուն վերադառնալու իրավունք ունեն: Բայց եթե երկար տարիների հակամարտությունն ավարտելու գործընթացում գտնվող պետության կառավարությունն ասում է, որ այդ միջոցը սպառնալիք է ներկայացնում հակամարտության ավարտի համար, որը հանգեցրել է մարդկանց տեղահանմանը, ապա ես դա պետք է հաշվի առնեմ:

Արդյո՞ք ես սա արդար եմ համարում փախստականների նկատմամբ։ Ո՛չ»,- նշել է եվրապատգամավորը։

Alpha News