Անտառային հրդեհները դասվում են ամենադժվար կառավարվող և ամենադժվար մարվող հրդեհների շարքին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի նախկին պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը` անդրադառնալով Տավուշի և Գեղարքունիքի մարզերում գրեթե մեկ շաբաթ շարունակվող հրդեհներին։ Նրա խոսքով՝ այստեղ հարցը ոչ թե թերացման, այլ հրդեհների բնույթի մեջ է։
«Անտառային հրդեհ մարելը հեշտ չէ մոտեցման ուղիների բացակայության, տեխնիկայի դժվարամատչելիության պատճառով։ Անգամ մեծաթիվ անձնակազմը միշտ չէ, որ կարող է փոխել իրավիճակը, քանի որ մարդկանց քանակը հատկապես դեր չի խաղում։ Երբ հրդեհը բռնկվում է, այն սկսում է ստեղծել ջերմային շառավիղ, որին 1000 կամ 10 000 մարդ չի կարող մոտենալ։ Տեխնիկայի անիվները հալվում են 100 մետր հեռավորության վրա»,– ասաց նա։
Գնդապետը վստահ է, որ Փրկարար ծառայությունը, իր ունեցած հնարավորություններով, բայց մարդկանց կյանքը չվտանգելով` արել ու անում է հնարավորը։ Միևնույն ժամանակ նա կարևորեց հասկանալը, թե որքանով են պատասխանատու կառույցները, մասնավորապես՝ «Դիլիջան» ազգային պարկը, ապահովել հրդեհային անվտանգության կանոնները և ինչքան շուտ են դիմել Փրկարար ծառայությանը։ Ինչ վերաբերում է հարցին` ինչո՞ւ մինչ օրս Փրկարար ծառայությունը չունի մասնագիտացված ավիացիա, նախկին պաշտոնյան ասաց, որ դժվարանում է գնահատել քաղաքական որոշումների ենթատեքստը։
Նրա խոսքով` դա ընդհանուր քաղաքականություն է, որը կախված է բազմաթիվ գործոններից՝ այդ թվում նպատակահարմարությունից։
Խանգելդյանը միաժամանակ շեշտեց, որ լեռնային և ծխապատ տարածքներում ավիացիան հաճախ արդյունավետ չի լինում։
«Ուղղաթիռը նպատակահարմար է հարթավայրային տարածքներում, կամ երբ հրդեհի օջախը հստակ տեսանելի է։ Անտառային տարածքներում ձևավորվում է խիտ ծխապատ գոտի, որտեղ վերևից ջրային բացթողումը գրեթե արդյունք չի տալիս։ Մենք այդ փորձն ունենք, օրինակ, Խոսրովի արգելոցում, որտեղ օդային ավիացիայի ներգրավումը էական փոփոխություն չմտցրեց»,– մանրամասնեց Հովհաննես Խանգելդյանը։
Խոսելով գործընկեր պետություններին դիմելու հնարավորության մասին` Խանգելդյանը նշեց, որ յուրաքանչյուր պետություն նախ փորձում է հրդեհաշիջումն իրականացնել սեփական ուժերով, և միայն իրավիճակի վատթարացման դեպքում է դիմում արտաքին աջակցության։
«Սա ընդհանուր պրակտիկա է։ Հրդեհի բռնկման պահին ոչ մի երկիր անմիջապես չի դիմում օգնության։ Եթե պարզ է դառնում, որ տարածումը վերահսկել հնարավոր չէ, այդ ժամանակ է քննարկվում արտաքին ուժերի ներգրավումը»,– ընդգծեց նա։
Միևնույն ժամանակ նա հավելեց, որ օգնության դիմելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ այդ ուժերը կարող են ժամանել այնպիսի ժամկետում, որը իրական ազդեցություն կունենա հրդեհի պատկերի վրա։ Խանգելդյանի գնահատմամաբ` եթե հայ փրկարարները չեն կարողանում մոտենալ ինչ-որ տարածքի՝ տեղանքի բարդության պատճառով, ապա ոչ մի միջազգային ստորաբաժանում էլ չի կարող մոտենալ։
