ՀՀ կառավարությունը լրացուցիչ 112,6 մլն դրամ կվճարի սահմանամերձ գյուղերի կոմունալ ծառայությունների և ոռոգման ջրի սուբսիդավորման համար: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի շուրջ 80 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ ստանում են էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի հաշիվների 50 տոկոս փոխհատուցում, ինչպես նաև հողի հարկի ամբողջական փոխհատուցում այն տեղամասերից, որոնք գտնվում են սահմանային գոտում և որոնց մշակումը դժվար է:
2025 թվականին սահմանամերձ գյուղերի կոմունալ ծառայությունների և ոռոգման ջրի սուբսիդավորման համար սկզբում հատկացվել էր 989 մլն դրամ` չնայած այն հանգամանքին, որ 2024 թ. փաստացի ծախսվել է 1 մլրդ 48 մլն դրամ (այսինքն՝ 59 մլն դրամով ավելի)։ Այս տարի 989 մլն –ին ավելացվեց 112,6 մլն դրամ։
Նշենք, որ սահմանամերձ որակվող բնակավայրերից ամենաշատը (Ադրբեջանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ–խմբ.) գտնվում են Տավուշի մարզում։
Sputnik Արմենիա
