2026թ–ի հունվարի 1-ից երեք տարի ժամկետով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կդառնա Ղրղզստանի ներկայացուցիչ Տաալատբեկ Մասադիկովը, որը ներկայում զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը լքող Իմանգալի Տասմագամբետովին է հանձնել կազմակերպության առաջին աստիճանի պատվո նշանը։
Ղրղզստանի նախագահը նշել է նրա արդյունավետ աշխատանքը և կազմակերպության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրումը։
Տասմագամբետովը նշել է, որ Մասադիկովը մեծ փորձ ունի անվտանգության ոլորտում։ Նա վստահ է, որ նոր գլխավոր քարտուղարի օրոք ՀԱՊԿ-ն դինամիկ կզարգանա։
Մասադիկովը նախկինում Ղրղզստանի կառավարության անդամ էր, դասավանդել է բուհերում, այդ թվում՝ Տոկիոյի պետական համալսարանում, ավելի քան 12 տարի աշխատել է ՄԱԿ-ի համակարգում, դեսպանի դիվանագիտական աստիճան ունի: 2017 թվականին իր թեկնածությունն է առաջադրել Ղրղզստանի նախագահի պաշտոնում: 2021 թվականի հուլիսին նշանակվել է Ղրղզստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ավելի ուշ աշխատել է որպես հատուկ հանձնարարությունների գծով Ղրղզստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ:
2024 թվականի հունվարին դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ:
Մասադիկովը 64 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր և երեք թոռ:
Sputnik Արմենիա
