Логотип

Երեք հայ ցմահ ազատազրկման են դատապարտվել Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության գործով

Երեք հայ՝ Արտյոմ և Գրիգոր Ազատյանները, ինչպես նաև բեռնատարի վարորդ Արթուր Թերջանյանը Ղրիմի կամրջի ահաբեկչական հարձակման գործով անցնող հինգ այլ անձանց հետ միասին ցմահ ազատազրկման են դատապարտվել։ Որոշումն այսօր հրապարակել է Հարավային օկրուգի ռազմական դատարանը Դոնի Ռոստովում։

Ութ մարդ է մեղավոր ճանաչվել՝ Արտյոմ և Գրիգոր Ազատյանները, Օլեգ Անտիպովը, Ալեքսանդր Բիլինը, Վլադիմիր Զլոբան, Դմիտրի Տյաժելիխը, Ռոման Սոլոմկոն* և Արթուր Թերջանյանը*։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության և զենքի կամ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Բացի այդ, Սոլոմկոյին և Թերջանյանին մեղադրանք է առաջադրվել պայթուցիկ սարքերի մաքսանենգության համար։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա բեռնատար է պայթել, բռնկվել է վառելիքով ցիստեռնը։ Ահաբեկչության հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Քրեական գործ էր հարուցվել։ Ավելի ուշ ԱԴԾ-ն հայտնել էր Ղրիմի կամրջի վրա իրականացրած ահաբեկչական հարձակմանն առնչություն ունեցող 8 անձի ձերբակալության մասին: Քննության վարկածով՝ ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է*: Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Մալյուկը և չպարզված անձինք խումբ են կազմակերպել, որում ներգրավել են նաև գործով անցնող այդ մարդկանց։

Պայթուցիկը, որը հետագայում բերվել է կամրջի վրա, պատրաստվել է Ուկրաինայում։ Սարքը թաքցված է եղել շինարարական պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթների մեջ, այն Օդեսայից տեղափոխվել է բարդ երթուղով. Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների օգնությամբ բեռը տեղափոխվել է Փոթիի նավահանգիստ, մաքսազերծվել է Երևանում և Վերին Լարսով տեղափոխվել Ռուսաստան: Երթուղին կազմակերպել է ուկրաինացի Անդրեյ Շարաշիձեն։

*Ներառված են ծայրահեղական գործունեությանը կամ ահաբեկչությանը առնչություն ունեցող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների ռեեստրում։

Sputnik Արմենիա