Логотип

Օտարերկրյա բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների տարկետման կարգը կփոխվի

Կառավարությունն աշխարհի լավագույն 50 համալսարաններում սովորող կամ ավարտած ՀՀ քաղաքացիներին տարկետման հնարավորություն կտա՝ Հայաստան վերադառնալու պարտադիր պայմանով, նախագիծը հավանության է ստացել գործադիրի նոյեմբերի 27-ի նիստում։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունների նախագծում նախատեսվում է փոխել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում սովորողների տարկետման համակարգը։

Նախագծով սահմանվում է, որ տարկետում կտրամադրվի միայն աշխարհի թոփ 50 բուհերի բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա և այլ առկա ուսուցման ծրագրերում սովորողներին՝ պայմանով, որ նրանք ավարտից հետո վերադառնան Հայաստան և աշխատեն կառավարության նշած ոլորտում ու վայրում։ Նույն պահանջը տարածվելու է նաև նախկինում տարկետում ստացած և ապագայում ուսումն ավարտող ուսանողների վրա։

Նախագծով զորակոչից վերջնական կարող է ազատվել միայն այն ուսանողը, ով ուսումն ավարտելուց հետո որոշ ժամանակ կաշխատի Հայաստանում, գիտելիքները կկիրառի երկրի գիտության, տնտեսության, պետական կառավարման և այլ ոլորտներում։

Կառավարության տվյալներով՝ 2018 թվականից գործող մեխանիզմով Շանհայի վարկանիշավորման Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում սովորելու համար տարկետում է ստացել 650 քաղաքացի, որոնցից 570-ն այս պահին շարունակում են ուսումնառությունը։

Նախագծի հեղինակները շեշտել են, որ անհրաժեշտ է կատարելագործել նրանց վերադարձի և Հայաստանի աշխատաշուկա ներգրավման կարգավորումները, քանի որ բարձր որակավորում ունեցող մասնագետների արտահոսքը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր․ IT մասնագետների, բժիշկների, ինչպես նաև ինժեներների արտագագաղթի խնդիր կա։

Փոփոխություններով նախատեսվում է վերացնել նաև գործող 451-Ն որոշման «նվաճումների հիմքով» տարկետումը, որը նախկինում թույլ էր տալիս տարկետում ստանալ նաև Հայաստանի բուհերում սովորելու դեպքում։

Armenia Today